Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աղջըկեք, պար բռնեցեք,
Արմիկի աչքեր գովեցեք.
Ա՜յ աչեր, սիրուն աչեր,
Արևի պես փայլուն աչեր:

«Արմիկի աչերն արեգակ,
Մեզի կուտա լույս ու կրակ.
Ա՜յ աչեր, վառ-վառ աչեր,
Մանուշակի թառ-թառ. աչեր»:

— Աղջըկեք պար բռնեցեք,
Արմիկի կռներ գովեցեք.
Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,
Դուք կըշարժեք մեծ-մեծ լեռներ:

«Արմիկի կռներն է գերան,
Կըպատառի վագրի բերան.
Ա՛յ կռներ, գթոտ կռներ,
Դուք կըբանաք մեր փակ դռներ»:

— Աղջըկեք, պար բռնեցեք,
Արմիկի հասակ գովեցեք.
Ա՜յ հասակ, բարձր հասակ,
Քեզ կըվայելե դափնյա պսակ:
«Արմիկի հասակն է սոսի,
Շուքը մեզնից չըպակասի.
Ա՜յ հասակ, չինար հասակ,
Ո՞վ չի տար քեզ դափնյա պսակ»:

Միասին և թռչկոտելով.

Ո՞վ պատռեց վագրի բերան,
Արմիկ պատռեց վագրի բերան.
Վագրի բերան — ահա՛ այսքան —
Ժանիքներր մեկ֊մեկ գերան…

Ապրի Արմիկ, ապրի շատ օր,
Իր թշնամին ընկնի գլոր...