Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5

Երբ որ մարդիկ այսպես սիրով, այսպես խաղաղ ու բախտավոր ապրում էին, մեկ էլ— ի՞նչ տեղից— մի չար քամի է փչում, բոլորի սիրտը, բոլորի միտքը պղտորում։

Առաջվան բարի ծերերը մեռնում են, նրանց տեղն անցնում են խռովարար, գոռոզ և չար մարդիկ։

Այդ չարերի մեջ ամենից չարը լինում է Բել անունով մի ահագին հսկա, մի գազան մարդ։ Մյուսները թեպետ չար են լինում, բայց և շատ վախկոտ ու թուլասիրտ են լինում, բայց Բելը ոչ թե մարդուց, այլ աստվածանից էլ չի վախենում և կարծում է թե ինքն էլ մի աստված է։ Իրանից վախեցող մարդիկ նրան այդպես էին ասել, նա էլ հավատացել էր, և կարծում էր, թե ինքը եթե ճշմարիտ աստված չէ, անպատճառ աստծու սերունդիցն է։

Մեկ անգամ, երբ որ բոլոր ցեղերի նահապետները հավաքված են լինում, որ իրանց հոգսերի մասին խորհուրդ անեն, այդտեղ են լինում թե՝ մեր պապ Հայկը և թե՛ իմ ասած աժդահա Բելը։ Խոսք խոսքի են գալիս, մեջները ահագին վեճ է բարձրանում, մեկն ասում է՝ այսպես լավ կլինի, մյուսը թե՝ չէ, իմ ասածն է լավը։ Հայկը տեսնում է, որ առաջվան սերն ու համաձայնությունը վերացել է, սրտին ցավ շատ է լինում, վեր է կենում տեղիցը ու դառնալով դեպի խորհրդականները՝ ասում է։

— Հայրեր և եղբայրներ, ինձանից ձեզ խրատ չի հասնիլ, որովհետև ձեզանից շատերը այնպիսի պատկառելի տարիքի տեր են, որ ես նրանց որդու տեղ կհամարվիմ։ Ես ուզում եմ ձեզ ասել միայն, որ թողնեք ձեր վեճերը։ Մենք հիմա մի ուրիշ գործ ունինք կատարելու։ Մեր մաքուր ու անարատ արտերի մեջ վնասակար բույսեր են բսել, պետք է միացած ուժով այդ վնասակար բույսերը քաղհանենք, մի տեղ հավաքենք և կրակ տանք։

Այս խոսքի վրա այնպես են լռում ամենքը, որ կարծես համրանում են, և սկսում են իրար երեսի մտիկ տալ և ավելի նայում են Բելի երեսին, որ սկսել էր սփրթնել։ Այս խոսքով մեր պապը «արտերի» մասին չէր խոսում, այլ մարդկանց