Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացատրություն ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե՝ «Բա չե՞ք ասիլ, ղերվիշը, մի ամենազոր մարդ է, այս֊ինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել. այն֊ինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց»… Մյուս օրը Շահ֊Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտեմ, գիտեմ, ով ես դու, մարդ աստուծո,— ասում է գիտնականը։ -Քո շրջանը նշանակում է երկիրս: Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժnղովրդի երկյուղը և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ:

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ և բոլորն էլ ունքը շինելու տեղ աչքն էլ հանեցին — փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտած ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար՝ փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։— Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջ փնտրել,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն, և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։