Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԵԳՆԱԶԱՆ
ԿԱՄ
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
(Հայկական հին զրույցներից առած մի վեպիկ)
1

Շատ հին ժամանակ, երբ աշխարհքս լիքն էր հրաշքներով և երբ բարի ու չար ոգիները անընդհատ պատերազմ էին մղում իրար դեմ, ահա այդ ժամանակ Մասիսի ստորոտում կենում էր մի ծերունի իշխան՝ Արման անունով։

Արմանն ուներ երեք զավակ, մորից որբ մնացած։ Նրանցից երկուսն աղջիկ էին՝ մինը քան զմյուսը գեղեցիկ, իսկ երրորդը ավելի ևս չքնաղ և չնաշխարհիկ, միայն բարի ոգիները նրա ինչ լինելը թաքցրել էին հողեղեններից։ Այդպես էին կամեցել բարի ոգիները իրանց համար հայտնի նպատակով և մի ուրիշ ժամանակով, երբ որ ժամանակը լրանար, այնուհետև նա կամ աղջիկ և կամ տղա պիտի դառնար։ Բայց Արմանը նրան չէր որոշում աղջիկներից, և երեքին էլ միաձև աղջկա հագուստով էր պահում։— «Թող սա էլ աղջիկ համարվի,— ասաց նա,— մինչև բարի ոդիների կամքը կատարվի», և անունն էլ դրավ Արեգնազան՝ միատեսակության համար, որովհետև մեծի անունը դրել էր Զանազան, իսկ երկրորդինը՝ Զարմանազան։

Արեգնազանը մեծացավ աղջկա պես, և թեպետ հավատացած էր, որ ինքն աղջիկ է և աղ5իկներից էլ ամենից գեղեցիկը, բայց ատելով ատում էր աղջկան վայել բաները։ Նա չէր սիրում բուրդ գզել, թել մանել, կար ու գործ անել, և դրա հակառակ՝ երբ մի լավ ձի կամ մի զենք էր տեսնում, խելքը