Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագավորը մի եղջերվի հետևից ձին չափ գցելիս, ինչպես պատահեց, վայր ընկավ ձիուցը, թեև անվնաս, միայն ձին խրտնեց, փախավ, թագավորը մնաց հետիոտն և իսկույն ընկավ մի արջի առաջ։ Արջը հետևի ոտների վրա կանգնեց, բերանը բաց արավ և հենց որ ուզում էր թագավորին իր գիրկն առնել, ջարդել, Արեգնազանը մի ակնթարթի մեջ նետի պես սլացավ իր ձիով և թրի մի հարվածով կես արավ արջի գլուխը և վայր գլորեց ամեհի գազանին։ Թագավորն ազատվեցավ, և Արեգը դարձավ նույն օրվա հերոսը։

— Ա՜յ քեզ բախտ... ինչո՞ւ ես չէի մոտիկ թագավորին...— ասում էին որսորդներից շատերը...

Թագավորին սույն օրվա պատահած դեպքի լուրը շուտով քաղաք հասավ և պատանի որսորդի արած քաջության համբավը մի րոպեում տարածվեց ամբողջ քաղաքի մեջ։ Տեսնելու բան էր, թե ինչպիսի աղաղակ էին բարձրացնում քաղաքացիք որսորդների վերադարձին։

— Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ քաջ Արեգը,— գոռում էին միաբերան և երգում.

Ո՞վ է ազատել մեր թագավորին
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից...
Մեր քաջ Արեգը, սիրուն պատանին.
Նա է ազատել արջի ճանկերից.
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից...
Երկայն նիզակը բերանն է կոխել,
Գլուխը թրով մեջտեղից կիսել.
Ամեհի գազանին գետին կործանել,
Մեր թագավորին անվնաս պահել
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից,
Արեգն է սիրուն արեգակի պես.
Նոր է դուրս եկել որսական հանգես,
Արջի գլուխը արավ երկու կես,
Մեր թագավորին ազատեց այսպես
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից...
Արեգն է դյուցազն, քաջ ու անվեհեր,
Կեցցե հավիտյան, կեցցե շատ օրեր.
Եթե նա այսօր այնտեղ չլիներ,
Մեր թագավորին էլ ո՞վ կազատեր
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից։