Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պարոն, նա ասում է. «Ե՛կ, ինձ տես»... հասկանո՞ւմ ես...

— Գնա ասա, «Ոչ կգամ և ոչ կտեսնեմ քեզ»...

Աղախինը գնաց։

Նունուֆարը Արեգի մերժումը լսելով՝ այնպես սառավ ու տաքացավ, այնպես կարմրեց ու սփրթնեց փոփոխակի, որ աղախինն այդ տեսնելով՝ սարսափի մեջ ընկավ։

Նունուֆարի սիրտն ուզում էր տրաքիլ, գլխի սկավառակն ուզում էր բարձրանալ։ Նա անդադար այս ու այն կողմն էր ընկնում, մերթ դուռն էր բաց անում, մերթ պատուհանը. նրա սենյակը դարձավ մի հնոց և նրան այրում, խորովում էր:

— Մերժո՜ւմ... արհամարհա՜նք... ին՜ձ, ին՜ձ, о՜հ, գլուխըս, գլուխս, տրաքում է, տրաքում...

Աղախինը տեսնելով իր տիրուհու անսահման սրտնեղությունը, վստահացավ ասել.

— Տիրուհի, ես զարմանում եմ, որ դու մի այդպիսի դատարկ բանի համար սիրտդ շուռ ես բերում։ Նա գուցե սաստիկ ամաչում է, և դրա համար է, որ չեկավ։ Երբ որ լսեց, որ դու կանչում ես իրան, ամոթից կարմրեց, վարդ կտրեց, և ինչքա՜ն գեղեցիկ էր...

— Ասա՛, ասա՛, խոսիր, շարունակիր... ես չլսեցի քո բոլոր ասածները... Ո՜հ, որքա՜ն ստոր եմ ես հիմա նրա աչքումը, որքա՜ն ստոր... Բայց նա սխալվում է, այնպես չէ՞, նա սխալվում է...

Նունուֆարը երկար ժամանակ հոգեպես տանջվելով՝ թուլացավ և ընկավ անկողին։ Թագավորին իմաց տվին. նա գնաց տեսավ, բժիշկներ կանչեց. հավաքվեցան բոլոր բժիշկները,հույս տվին թագավորին, թե հիվանդությունը վտանգավոր չէ և շուտով կբժշկեն, բայց դրա հակառակ, քանի գնաց Նունուֆարի տկարությունը վտանգավոր դարձավ բժիշկները հուսահատվեցան և ուղղակի հայտնեցին, որ չեն կարողանում իմանալ ոչ ցավի պատճառը և ոչ նրա բժշկելու հնարը։

Շատ տխրեց թագավորը։ Նունուֆարը նրա միակ զավակն էր, միակ մխիթարությունը, իր թագավորության միակ ժառանգուհին։ Ամբողջ պալատը և համարյա ամբողջ քաղաքը տխրության մեջ ընկավ։ Արեգնազանն էր միայն անտարբեր