Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,
Որ ես հենց այսօր կապել եմ տըվել.
Ձեզանից ով որ կըկոտրե սըրան,
Իմ թագն ու գահը ես կըտամ նրան։
Դե՛հ, հառաջ եկեք, ուժերդ փորձեցեք,
Տեսնեմ ձեզանից ո՛րըդ կըկոտրեք»։



—Հա՛յր, ես կըկոտրեմ,— ասաց մեծ որդին,
Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.
Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,
Քաշեց, քաշքըշեց, ոչինչ չի եղավ.
Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,
Դեղնեց, սփրթնեց և ետ քաշվեցավ։
Հետո երկրորդը եկավ վեր առավ,
Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.
Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,
Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,
Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,
Բայց ցախավելը չի էլ ծռեցին.
Ամենից վերջը փոքրը մոտեցավ
Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.


—Հա՛յր, ես չե՛մ ուզում իմ ուժը փորձել,
Իմ եղբարց նման իզուր չարչարվել.
Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ
Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.
Ջուրը կըխեղդե, կրակը կայրե,
Ով այս չըդիտե, թող նա փորձ անե։
Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,
Թե՛ երկրիս վըրա և թե՛ երկնքում.
Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,