Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քո բախտիցն է կախված. բայց ինչ էլ որ լինի, հաջողությունդ թե անհաջողություն, դու շատ բան կտեսնես և շատ բան կըսովորես։ Իմ գանձարանը բաց է քեզ համար. որքան կարող ես, հետդ ոսկի և ակնեղեն վերցրու. շատ տեղ հարկավոր կգա...

3

Արեգնազանը գնաց։

Զարմանալի մի էակ էր Արեգնազանը, միշտ աշխույժ ու զվարթ, միշտ անահ ու անհոգ. նեղության մեջ ընկած ժամանակ ևս իր ուրախ տրամադրությունը չէր փոխում։ Նա գնաց իր Բազիկ ձիով, որ երեք֊չորս օրվան ճանապարհը մեկ օրումն էր անցնում։ նա պտտեց մի քանի թագավորություն շատ տեղ հարցուփորձ արավ, շատ բան տեսավ, շատ նեղություններից ազատվեցավ, մինչև հասավ կախարդական աշխարհը, ուր ամեն մի քայլափոխում մի նոր հրաշք էր տեսնում, մի նոր զարմանալիք։

Մեկ օր սաստիկ արև էր։ Շոգը որ շատ նեղեց Բազիկին: Արեզնազանը իջավ մի լճի մոտ, Բազիկին քաշեց կապեց մի խիտ ստվերի մեջ, ինքն էլ մոտը նստեց, հանեց իր ճամփի պաշարը և սկսեց ճաշել: Հենց այդ միջոցին մեկ էլ տեսավ, որ ահա մի խումբ աղավնիներ թռան եկան և իջան լճի ափին իրանից շատ մոտիկ։ Նետաղեղը լարեց, որ մի որս անի, մեկ էլ տեսավ, որ բոլոր աղավնիները հանեցին փետուրները և աղջկերք դառնալով թափվեցան ջուրը լողանալու։

Արեզնազանը մնաց ապշած մի րոպե. հետո մտածեց նըրանց հետ մի խաղ խաղալ և տեսնել ինչ կլինի հետևանքը: Կուզեկուզ մոտեցավ ափին, այնպես որ իրան չտեսան, վերցրեց նրանց մեկի փետուրները։ Երկու մեծ թև էր աղավնու մնացած փետուրներն էլ վրան։

Չանցավ մի քանի րոպե, բոլոր աղջկերքը դուրս եկան, հագան իրենց թևերն ու թռան, բայց մեկը, որ իր թևերը չգտավ, ամաչեց մերկ կանգնել ջրի ափին, իսկույն իրան գցեց ջուրը։ Արեգնազանը այդ նկատելով, թևերը ձեռին