Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե որ կուզես ինչպես հիմա, Մնալ փոխված այդպես տղա,

Իսկ եթե ոչ, լավ գիդենաս, Որ տղայից քար կըդառնաս, Երբ քարացած քաղաքի մեջ Կախարդ կընկան կըմոտենաս:

Թևերս տուր, թևերըս, Թևերըս տուր, շուտ հագնեմ, Թռչիմ գնամ և քեզ համար Անմահական ջուր բերեմ...

Աղջկա վերջին խոսքերից շատ բան չհասկացավ Արեգը, բայց չուզենալով այլևս ուշացնել նրան, թևերը տվավ իրան։ Աղջիկը թևերը հագնելուն պես դարձավ աղավնյակ և թռավ նգնաց։ Մի քանի րոպե չանցած՝ մի փոքրիկ շիշ կտցին, ան– մահական ջրով լիքը՝ բերավ Արեգին տվավ և ինքը կրկին թռավ գնաց։ Արեգը ձին հեծավ և ճանապարհ ընկավ՝ ձիու հետ խոսելով. —Բազիկ, ես հիմա տղա եմ, գիտե՞ս, էլ աղջիկ չեմ։ Առաջ աղջիկ էի. այդ ոչ ոք չգիտեր. գուցե դու էլ չգիտեիր. հայրս պատվիրել էր, որ ոչ ոքի չասեմ, թե ես աղջիկ եմ. բայց հիմա տղա դառա։ Օ՜, որ գիտենաս, Բազիկ, ինչքան ուրախ եմ հիմա։ Դու չես իմանում. թեպետ աղջիկն էլ լավ է, բայց տղային որտե՞ղ կհասնի։ Ես հիմա չգիտեմ ուր եմ գնում։ Բազիկ. դու ինքդ գնա՛ որ կողմ կուզես. այսուհետև ինձ համար միևնույն է... Բայց սպասիր, ես մի աշտարակի ծայր եմ նշմարում, նա անպատճառ մի քաղաք կլինի, գնանք դեպի այն կողմը։ Զարմանալի անհոգ եմ ես, Բազիկ, մեկ չես ասում, թե ինչո՞ւ այդ իմաստուն աղջկանը չհարցրիր, թե՝ ով դու գեղեցիկ և իմաստուն աղջիկ, ո՞ր կողմով պիտի ետ դառնամ ես իմ աշխարհը։ Դեռ լավ էր նա առանց իմ ասելուն՝ ինձ տղա դարձրեց, որ բանն ինձ մնար, ես դեռ էլի աղջիկ կլինեի։ Ի՞նչ կարող էի մտածել, որ այդպես բան կարող է պատահել։ Բայց երբ որ տեսա, թե այդպես բան լինում է, ինչո՞ւ չասացի՝ սիրուն աղջիկ, ինձ որ տղա դարձրիր, մեր