Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես չեմ հասկանում, թե այդ ի՞նչ հրեշ է, որից այդքան վախենում ես դու,— ասաց Արեգը։

— Այդ հրեշը մի պառավ է, որդի, նա է քարացրել մեր քաղաքը. ամեն օր այս ժամանակին գլիս է նայում և զվարճանում իր չարության վրա. հիմա ուր որ է' պիտի գա, և եթե մեզ տեսնի կենդանի, իսկույն կքարացնե։

— Հիմա հասկացա։ Բայց ինչպե՞ս է եղել, որ քեզ բոլորովին չէր քարացրել։

— Ավելի տանջելու համար։ Ես այս քաղաքի թագավորն եմ. ինձ կասեն Անդաս թագավոր։ Քավթառ հրեշը գլուխս կենդանի թողեց, ասելով.— Աչքերդ բաց եմ թողնում, Անդաս, որ տեսնես քո թագավորության ոչնչությունը իմ զորության, իմ ուժի առջև։

— Ինչո՞ւմն է նրա զորությունը, կամ ինչո՞վ է նա ուժեղ, չգիտե՞ք։

— Նրա զորությունը իր գավազանների մեջն է։ Նրա գավազանները մահ են սփռում ամեն տեղ։ Նա մի գործիք է չար ոգիների ձեռքում և նրանցով է անում, ինչ որ անում է։ Կամ ով գիտե, գուցե հենց ինքը մի չար ոգի է, պառավի կերպարանք առած։

— Ի՞նչ ես կարծում, եթե դրա ձեռքից խլենք իր գավազանները...

— Բայց ինչպե՞ս կարելի է մոտենալ նրան, միայն բարի ոգիքը կարող են այդպիսի բան անել, կամ այնպիսի մի մարդ, որ բարի ոգիների պաշտպանությունը իր կողմն ունի։

— Ինձ թվում է, որ բարի ոգիները կպաշտպանեն մեզ,— ասաց Արեգը և պատմեց Աղավնի աղջկա հետ հանդիպելը, նրա արածն ու ասածը...

— Օ՜... եթե այդպես է, ապա ուրեմն դու մի քարի ոգի ես, երկնքից ուղարկված,— բացականչեց թագավորը։— Ես կարող եմ այժմ համարձակ դուրս գալ նրա առաջը, իսկ դու ինձ մոտ թաք կկենաս, և երբ հարձակվի ինձ վրա, դու իսկույն կբռնես նրան և զինաթափ կանես։ Ահա՛, ահա՛ երևում է նա, տես, ամպերի մեջ խնոցու վրա հեծած, օձե մտրակը ձեռին, գալիս է:

— Տեսնում եմ, տեսնում... դու սիրտդ պինդ պահիր,