Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա տեսավ Արեգին և... ճանաչեց:

Նա մի նոր կյանք զգաց, կյանք աշխուժով լի, երևակայությամբ ճոխացած...

Ձեռներով ծածկեց երեսը, որ երևակայությունն ամփոփե: Ամփոփե երեակայությունը, որ այդ րոպեի երկնային գվարճությունն ու զվարճությունը լիուլի վայելե։ — Արեգը եկել է,— ասում է նա ինքն իրան, երեսը ծածկած երկու ձեռքով, իբրև երկու վահանով, որ ուրիշ տպավորությունների տեղի չտան.— Արեգը եկել է,— կրկնում է Նունուֆարը,— և ես առողջ եմ. բոլորովին առողջ, շատ առողջ։ Ես զգում եմ, զգում եմ, որ շատ առողջ եմ, և... Արեգն էլ եկել է... Ես տեսա. նա ինձ մոտ կանգնած է այս րոպեիս։ Ես զգում եմ նրա ներկայության անմահական հոտը։ Անմահա− կան էր նրա տված դեղը։ Հենց ինքն էլ մի անմահ Ոգի է: Ի՜նչպես մեծացել է, ինչպես առույգացել, ի՜նչ նորածիլ բեղեր ունի. ի՞նչ գանգուր մորուք... Բանամ երեսս, մեկ էլ նայեմ...

Նունուֆարը բաց արավ երեսը և նայեց Արեգի երեսին այնպիսի հայացքով, որ միայն մոր հայացքն է լինում իր երեխին «հագա՜» կամ «ճիտա» ասելիս... և կրկին փակեց երեսը։

Այդ հայացքը, որի մեջ ամփոփված էր կենդանության հրափայլ ոգին, ամենքը տեսան, և ամենքն էլ, կարծես խոսք մեկ արած, միաձայն քրքիջ բարձրացրին՝ փա՜ռ փա՜ռ ծիծաղելով: Այդ ծիծաղից անմասն չմնաց և ինքը Նունուֆարը: Նա էլ ծիծաղեց, կարծես ուրիշների տեղիք տալուն էր սպասում, որ մի կուշտ ծիծաղի։

Այս էլ որ տեսան մի վայրկյան առաջ սգավոր հանդիսականները, բոլորովին միամտվեցան. էլ ուշադրություն չդարձրին Նունուֆարի վրա, և սկսեցին փոխ առ փոխ գգվել ու համբուրել Արեգին։ Թագավորը իր գիրկն առավ Արեգին և սկսեց երեխայի նման հեկեկալ։ Թագավորի ուրախության զգացումն անսահման էր Նա մի վայրկյանում երկու որդի էր գտել, մինը կորած տեղից, մյուսը՝ մեռած տեղից։ Ամենքի աչքերից ուրախության և զմայլմունքի արտասուք հոսեց: Հանդիսականների այս տեսակ իրարանցումից օգուտ քա-