Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս ամեն բարիք,

                 Ով պայծառ Երկինք,
                 Թույլ տուր վայելեն,
                 Քեզ փառաբանեն...

Թագավորի օրհնությունն ավարտած չավարտած, մի նոր լուսով լուսավորվեց դահլիճը։ Մի ծիածան կապվեց, ծիածան անտես, աննման, հրաշալի՜ այնքան, որ ամպերում կապվող աղեղը նրա մոտ մի մռայլ ամպ կարելի էր համարել... Ի՜նչ լեզու կարող է պատմել, ի՜նչ գրիչ կարող է գրել, կամ ի՜նչ վրձին կարող է նկարել...

Ամենքն էլ նրան էին նայում և տեսնում էին, թե ինչպես էին կազմվում նրա գույները հետզհետե. կարծես աներևույթ ոգիք՝ արագ-արագ վազելով՝ երկնային մատներով մի նոր ծիածան լինեին հինում, և երկնքումը լինին կապելիս Արեգի ու Նունուֆարի հարսանեկան Կանաչ― Կարմիրը։ Հիրավի, այդ Կանաշ-Կարմիրը, թվում էր, թե դահլիճի առաստաղից շատ և շատ բարձր է և շատ հեռու։

Եվ ահա՛, երբ ծիածանն ամբողջապես պատրաստ էր, նրա վրայով, իբրև մի լուսեղեն սանղուղքով, ցած իջան մի խումբ երկնային թագեուհիք՝ աստղերի ճառագայթներից և ձյունափայլ ամպերից գործած հագուստով մի-մի արեգակ... Բայց ի՜նչ արեգակ... եթե ցերեկ լիներ՝ և արեգակը նրանց տեսներ,ամպեղեն մի քող կը քաշեր երեսին, որ տեղի տար նրանց լույսին...

Բոլոր երկնային օրիորդները, որոնք թվով մինչև ինը հոգի էին, երկ-երկու պսակաձև փունջեր ունեին ձեռներին, որը ցողից քաղած, ո՛րը ծաղիկների գույնից ու հոտից փնջած, որը վճիտ աղբյուրների բյուրեղացած գոհարներիդ հավաքած, որը քաղցրաշունչ զեփյուռից ու զովարար հովերից հյուսած, որն արևի շամանդաղի մեջ եղած գույնզգույն հյուլեներից կազմած... մի խոսքով՝ լուսեղեն մատներով բնության բոլոր զարդերի ոգին էին քաղել ու փնջել։ Այդ փունջերի անմահական բուրմունքով լցվեցավ բոլոր դահլիճը։

 Ամենից առաջ մոտեցան Աղբյուրիկը, Ցողիկր և Ծաղիկը և իրանց պսակները տալով Արեգին ու Նունուֆարին՝ ասացին.