Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ մեկ զարկով միայն. եթե երկրորդ անգամ զարկեին, նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկրը դուրս քաշեց թե չէ՝ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց և. դևի գլուխն ընկավ գետին։— « Մեկ էլ զարկիր, մեկ է՛լ, մեկ էլ»... ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտըտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը և ինչ որ գանձ ու հարստություն ուներ, բոլորն էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք, սկսեցին երկար վիճել, թե ով իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան.— Ես շատ կասկածում եմ, թե մի գուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն և դու մնաս հորի մեջ:

Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի, դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել, նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ, նա քեզ կտանե Մութ աշխարհ, որտեղից դու այլևս Լույս աշխարհ ընկնիլ չես կարող։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ...

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը — նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքագիր ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ