Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրան պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,— ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց, նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված, վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին՝ մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը դտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից: Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

Վիշապի գլխավերևը նոր արդեն մի ծառից կապել էին թագավորի աղջկանը, որին պիտի կուլ տար վիշապը մի քանի րոպեից հետո։ Աղջիկն արդեն մեռելի գույն էր ստացել։ Գուրգենը մոտեցավ նրան, կապերը արձակեց և սիրտ տվավ, որ չվախենա։ Թուրը ձեռին մոտեցավ վիշապին և այնպիսի մի հարված տվավ նրա վզին, որ վիշապը երկու ահագին կտոր դարձավ, իսկ լիճն արյան ծով։ Թագավորի աղջիկը ձեռքը թաթախեց արյան մեջ և Գուրգենի մեջքին նշան դնելով, ինքը վազեց տուն, որ թագավորին հայտնե եղելությունը։ Հավաքվեցան բոլոր քաղաքացիք և քառասուն ջուխտ գոմշով հազիվ կարողացան ամեհի գազանի գեշը դուրս քարշել այնտեղից և մաքրել աղբյուրը։

Թագավորն ուզեց վարձատրել Գուրգենին, և մունետիկ ձգեց քաղաքի մեջ, որ փնտրեն նրան և բերեն, և գտան նրան թագավորի աղջկա դրած նշանով։

Թագավորն ասաց Գուրգենին. «Դու որ փրկեցիր ինձ և իմ ժողովրդին չար վիշապի գերությունից, այսօր դու ես մեր տերը և թագավորը. ուզիր իմ աղջիկս և իմ տեղ թագավոր եղիր»։

Գուրգենը պատասխանեց. «Ես այս երկրիցը չեմ. ես Լույս աշխարհքիցն եմ ընկել այստեղ». և սկսեց պատմել իր գլխի անցքը և հետո ավելացրեց. «Եթե կարողանաք ինձ Լույս