Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխարհք գցել կրկին, ես ուրիշ բան չեմ ուզիլ ձեզանից»:

Թագավորն ասաց. «Այդ անհնարին բան է. Լույս աշխարհքը շատ և շատ բարձր է մեզանից. ո՞վ կարող է քեզ վեր թռցնել և տանել այնտեղ»։

Գուրգենը ասաց «Ինչպես լինի, ես պետք է վեր բարձրանամ. քո առաջարկությունը ես ընդունել կարող չեմ»։

Թագավորն ասաց. Դու գիտես, բայց որ չկարծես, թե ես ընդդեմ եմ քո գնալուն, ես կժողովեմ իմ աշխարհի բոլոր գիտուններին, թող նրանք մեզ ասեն, թե արդյոք մի հնար կա՞ վեր բարձրանալու։ Եվ մինչև այդ, իմ իշխանությունը բոլոր հարստությունս քեզ եմ հանձնում»...

Թագավորը ժողովեց իր բոլոր աստղաբաշխներին, իմաստուններին և հայտնեց նրանց Գուրգենի ցանկությունը։ Նըրանք ասացին, թե հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահ- մամբ, մեր աշխարհը ցածրացել է, առաջ քիչ և հետո շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում»...

Այսպես Գուրգենը մնաց Մութ աշխարհում մոլորված: Սկսեց պտտել զանազան տեղեր, հարցուփորձ անել և ոչ մի տեղից մի դուռը չգտավ վեր բարձրանալու։

Մեկ օր դուրս էր եկել որսորդության։ Շատ ման գալուց հոգնելով՝ նստեց մի հսկայական ծառի տակ, որ փոքր֊ինչ հանգստանա, մեկ էլ մի ծվծվոց լսեց ծառի վրայից, նայեց, և... ի՜նչ տեսնի... Ծառի վրայով սողում էր մի ահռելի սև վիշապ դեպի մի մեծ բույն, որի մեջ լիքն էին մեծ֊մեծ թըռչուններով, բայց դեռ չէին թևավորված։ Երևում էր, որ դրանք ձագուկներ էին մի հսկայական թռչունի։ Այդ ձագուկները օձին տեսնելով սարսափի մեջ էին ընկել և սկսել էին ծվծվալ: Այս որ տեսավ Գուրգենը, առավ իր նետաղեղը և ուղղակի շեշտեց վիշապի գլխին և վայր կործանեց։ Հետո հանեց դևի թուրը և վիշապին կտոր-կտոր անելով, մի ահագին բլուր շինեց։ Այս բարեգործությունից և բարությունից սիրտը մխի-