Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարավ տվավ հորը և ասաց.— Որդիդ հիվանդացավ, և ինչ որ սովորել էր, մոռացավ։ Տար տուն, երբ որ լավանա, էլի բեր ինձ մոտ։ Այս ասելուց հետո նրան մի քսակ ոսկի տվավ և ինքն անհայտացավ։

3

Ուխայը չասաց, թե քո որդին խելագարվել է, և լավ էր,որ չասաց. եթե ասեր, շատ վատ կլիներ Քաջիկի համար, նա այնուհետև ինչ խելոք բան էլ որ աներ, հորը խենթություն պիտի թվար։

ճանապարհին հայրն սկսեց հանդիմանալ որդուն և ասել,որ նա կարողանալու չէ մարդ դառնալ։

— Մարդ որ չդառնամ,— պատասխանեց որդին,— մի՞ թե մի ուրիշ կենդանի էլ չեմ կարող դառնալ, օրինակ ձի, էշ, ուղտ...

— Ի՞նչ ասել կուզի որ կարող ես. ի՞նչ կա ավելի հեշտ,քան թե էշ դառնալը, դժվարը միայն մարդ դառնալն է...

— Այդպես չէ, հայր. մարդ դառնալու համար ոչինչ դրժվարություն չկա. մենք մարդ ենք ու մարդ, էլ ինչ հարկ կա մարդ դառնալ, բայց ուրիշ բան է, եթե մարդը կարողանա էշ դառնալ, ձի դառնալ, քար դառնալ, ծառ դառնալ...

— Այդպես չէ, որդի, ով որ օրինավոր մարդ չէ, նա մի որևիցե կենդանու է նման, հապա չե՞ս լսել, որ ասում ենք՝ այս—ինչ մարդը հիմար էշ է, փլանը կոպիտ արջ է, փստանը անզգա խոզ է, այս֊ինչը խաբեբա աղվես է, այն֊ինչը գիժ գոմեշ է, Մարկոսը մի խորամանկ օձ է, Կիրակոսր վախկոտ նապաստակ է, Մաթոսը մի կատաղած շուն է...

— Ո՛չ, հայրիկ, ես ուրիշ բան եմ ասում, դու ուրիշ։ Ախր ես ուսում եմ ասել, շատ բան եմ սովորել, դու իմ ասածը, իմ լեզուն չես կարող հասկանալ։

— Ի՞նչու չեմ հասկանալ, որդի, եթե մարդավարի խոսես։ Ես ասում եմ՝ մարդ դառնալն է դժվար, դու ասում ես՝ էշ դառնալն է դժվար. այստեղ ի՞նչ կա չհասկանալու, այդ ի՞նչ ուսում է...