Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրրա երկյուղից ջուրը քար կտրեց,
Քչքըչան առուն լռվեց, պապանձվեց,
Դալար բույսերը սառան, փետացան,
նախշուն հավքերը թռան հեռացան.
Բայց էլի շատին իր ճանկը ձլգեց,
Բուք֊բորան արավ, բոլորին խեղդեց.
Սիրուն վարդենու թուփը չորցըրեց,
Սոխակի լեզուն տակիցը կտրեց:


Ո՛վ դու կեղծավոր փարիսեցի ծեր,
Դու ունիս, գիտենք, շողոքորթներ էլ,
Որոնք բորանըդ, Թիփիդ չեն տեսնում,
Ոչ բուք֊բորյազիդ տակ ցրտահարվում.
Սառցեղեն սրտին ի՜նչ բուք, ի՜նչ բորան
Կարե ներգործել, կամ ի՜նչ ցուրտ, ի՜նչ բան.
Նըրանք սըղղում են ինչպես անզգա
Ձյունով պատանած զոհերիդ վըրա.
Եվ դու, երեսպաշտ, լավ ես որոշում
Հարըստին խեղճից և ջոկ֊ջոկ որսում.
Մեկին տալիս ես կճյա վառարան,
Մյուսին և ոչ մի խեցյա կրակարան.
Մեկին թանկագին մազեղեն մուշտակ,
Մյուսին և ոչ մի՝ ցնցոտի մաշկյակ.
Մեկին տալիս ես մի սիրտ սառցեղեն,
Մյուսի թոքերը հանում ես կրծքեն.
Մեկին տալիս ես միջոց զվարճության,
Մյուսին դառն օրեր, օրե՜ր հեծության.
Մեկին տանում ես դեպի մոլություն,
Իսկ մյուսին դեպի դառն ստրկություն.
Մեկին կաշառով, մյուսին երկյուղով
Թակարդ ես ձգում դիվական ցանցով...