Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսավ, որ հիվանդի գլխի սկավառակը վերցրել է, ուղեղի վրա մի ինչ որ բղոճ կա, ուզում է մաշով վերցնել, բայց բղոճը չանգերը մեկնում է ուղեղի փառի վրա, բժիշկը ետ է քաշում մաշան։ Ետ քաշելու պատճառն այն էր, որ բժիշկն ուզում էր բղոճն այնպես վերցնել, որ նա յուր չանգերով ուղեղի փառը չպատռե։ Քաջիկը երբ որ տեսավ, թե շատ է չարչարվում բժիշկը, և հնար չունի անվնաս վերցնելու բղոճը, էլ չդիմացավ և բղավեց տան հերթիկից.

— Մաշան տաքացրո՜ւ, վա՜րպետ, մաշան տաքացրո՜ւ…

Այս որ լսեց բժիշկը, ունելին (մաշան) դեն գցեց և դուրն եկավ։ Քաջիկն էլ տանիքից իջավ և փախավ, կարծելով, թե վարպետը դուրս եկավ որ բարկանա վրան կամ ծեծե։ Մի ժամու չափ թաք կացած մնաց Քաջիկը, հետո կրկին սրտապընդեց և բարձրացավ տանիքի վրա, որ տեսնե, ի՞նչ արավ վարպետը։ Նայեց տեսավ, որ վարպետը չկա, իսկ հիվանդը միևնույն դրության մեջ թմրած ընկած է։ Այս որ տեսավ, իջավ տանիքից և ներս գնաց, մաշան տաքացրեց և բղոճի մեջքին գրավ թե չէ՝ բղոճը չանչերը ներս քաշեց, կուչ եկավ, և Քաջիկը վեր առավ դեն ձգեց։ Սկավառակը դրեց տեղը, դեղը քսեց, փաթաթեց, հոտ տվավ հիվանդի քթին, և նա իսկույն փռշտաց, վեր կացավ և ինքն իրան բոլորովին առողջ զգաց:

Հիվանդին բժշկելուց հետո՝ Քաջիկը գնաց յուր վարպետին փնտրելու։ Շատ ման եկավ, և ամբողջ կղզին տակնուվրա արավ, բայց վարպետին չգտավ։ Ետ դառնալիս Քաջիկը տեսավ մի արձանի վրա դրված հետևյալ ոտանավորը.

Մարդս ինչքան էլ լինի գիտնական,
Նրա ուղեղը մազի է նման,
Մի չնչին բանից մազը կընտրի,
Եվ իմաստունը կըդառնա անբան:

Այս ոտանավորը կարդալուց հետո Քաջիկը մտածեց, թե չլինի յուր վարպետը խելագարվել է և ինքն իրան ծովն է ձգել։ Եվ ով դիտե, գուցե հենց այդպես էլ էր։