Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բացաչեց նա։—— Եվ ինչքան մեծ է։ Եվ գիտե՞ս, շատ էլ հեռու չպետք է լինի. սավառնում է ամպերից ցած։

— Ես դողում եմ ամբողջ մարմնով,— ասաց մանուկը։ —Վախում եմ դեպի վեր նայել։ Ինչքա՞ն հրաշալի է։ Բայց ես չեմ վստահում ուղղակի նրա վրա նայել, այլ միայն ջրի միջով։ Մի՞թե չես տեսնում, Բելլերոֆոն, որ սա թռչուն չէ, այլ թևավոր ձի, նույն ինքը Պեգասն է սա։

Բելլերոֆոնի սիրտը գնաց։ Նայեց դեպի վեր, բայց չկարողացավ լավ նշմարել, թե նա ինչ էր արդյոք, թռչո՞ւն, թե ձի, որովհետև նա անհայտացավ բարդ֊բարդ կուտակված սպիտակ ամպերի մեջ։ Մի րոպե չանցած թոչողի կերպարանքը կրկին երևաց. նա իջնում էր դեպի գետին ալեծածան թռիչքով։ Այս միջոցին Բելլերոֆոնն իսկույն ճանկը ձգեց տղային և նրա հետ թաք կացավ իր խիտ թփերի մեջ, որոնցով՝ պարսպի պես՝ շրջապատված էր աղբյուրը։ Նա Պեգասից երկյուղ չուներ, այլ վախենում էր միայն, թե մի գուցե իրանց նկատե և սկսե ավելի բարձրանալ դեպի վեր։ Այս թռչողը ճշմարիտ որ թևավոր ձին էր։ Երկար սպասեցին նրան, և ահա վերջապես նա ուզեց իր ծարավը հագեցնել Պիրենայի աղբյուրից:

Օդեղեն հյուրն սկսեց իջնել ավելի ցածր և ցածր։ Թռչելիս ավելի մեծ շրջաններ և պտույտներ էր անում, ինչպես աղավնին է անում թռչելու պատրաստվելիս։ Որքան ցածրանում էր, այնքան փոքրացնում էր իր շրջանները, մինչև վերջապես շփվեց գետնին՝ փափուկ բմբլի պես։ Նա իր չորս ոտները դրավ ավազի վրա այնքան մեղմ և անզգալի կերպով, որ ոչ մի խոտ չխշխշաց։ Հրաշալի թևավոր ձին մեկնեց իր վեհապանծ գլուխը և սկսեց խմել։ Նա մեծ զմայլմունքով էր ներս ծծում բերանով պայծառ հեղուկը, ուրախ փռնչում ու զինքը թափահարում. խմում է, խմում, մեկ էլ հանկարծ կանգ առնում։ Ոչ գետնի վրա, ոչ ամպերում և ոչ մի ուրիշ տեղ Պեգասը չէր սիրում այնպես հագեցնել իր ծարավը, ինչպես Պիրենայի աղբյուրից։ Կուշտ խմելուց հետո, թևավոր ձին հոտավետ առվույտներից մի քանի ծաղիկ գջլեց, բայց միայն գջլեց ու ծամծմեց և ոչ թե արածեց կամ կերավ. նրա