Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արաքծելիքը Հելիկոն սարի բուն գագաթի վրա եղած անուշահոտ խոտերն էին։ Վերջապես, երբ որ աղբյուրի պարզ ջրիցն այնքան խմեց, որ կշտացավ, մի քիչ խաղ արավ առվույտի ծաղիկների հետ, այնուհետև խայտ ալ սկսեց կշտացած երեխայի նման։ Սկսեց վազվզել ետ ու առաջ, տրտինգ տալ, կամացուկ վրնջել։ Մեկ այս կողմն էր չափ ընկնում, մեկ այն, մեկ էլ թռչում էր դեպի վեր, մի քիչ պտտվում և նորից իջնում ու վազվզում փափուկ կանաչկուտի վրա։ Բելլերոֆոնը՝ տղայի ձեռքից բռնած՝ թփուտի միջից նայում էր այս տեսարանի վրա, որի պես գեղեցիկ բան նա իր կյանքումը տեսած չէր։ Պեգասի ողջ կազմածքը, նրա բարակ-բարակ ոտները, նրա բարեկազմ գլուխը, թավամազ պոչը, ալեծածան բաշը, ձյունի նման սպիտակ, արծաթի պես փայլուն, այս բոլորը հիացրել, զարմացրել էին Բելլերոֆոնին։ Իսկ նրա խելոք և վառվռուն աչքերի նմանը ոչ մի ձիում տեսած չէր։ նրան հանցանք էր թվում այսպիսի մի հիանալի ձիու վրա թամբ դնելը, և առավել ևս՝ նրա վրա ցատկել նստելը։

Մեկ թե երկու անգամ Պեգասը կարծես թե թալկացավ, թուլացավ. կանգնում էր հանկարծ, ականջները խլշում. հոտ քաշում, գլուխն այս ու այն կողմ ձգում, կարծես զգալով, որ իր մոտ դարանամուտ եղած մարդիկ կան։ Բայց երբ որ չտեսավ և չլսեց ոչինչ վտանգավոր բան, նորից սկսեց իր առաջվան խաղերը։

Բայց ահա որպես թե հոգնեց վերջապես, թևերը ծալեց և նստեց փափուկ կանաչկուտի վրա։ Թեթև օդի զավակ լինելով՝ նա չէր կարողանում քիչ ժամանակ հանգիստ կենալ, շրջվեց քամակի վրա և ոտքերը վեր ցցած՝ սկսեց սահել մեջքի վրա: Ինքը թևավոր, մեն-մենակ ամբողջ աշխարհում. անհիշեչի ժամանակներից ի վեր ապրած, ոչ մի ընկեր չունեցած երբեք, այժմ զվարճանում էր ինչպես բոլոր էակներից ամենաբախտավորը։ Սա մի հետաքրքրական տեսարան չէ՞ր միթե։ Բելլերոֆոնն ու մանուկը չէին կարողանում աչքները Պեգասից հեռացնել։ Նրանք մասամբ հաճույքից և մասամբ երկյուղից շունչները պահել էին, ըստ որում աննշան մի շշուկից ու շշունջից կխրտներ Պեգասը և նետի պես կսլանար դեպի