Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնպիսի հեզություն, որ Բելլերոֆոնի խելքը տանում էր։ Նա սկսեց խղճալ գերի .ընկած Պեգասին, որ դարերով ազատ էր ապրել, և վճռեց արձակել նրան և ազատ թողնել։ Մեահոգության զգացմունքով սաստիկ ոգևորված, նա կախարդական սանձը ձգեց նրա վզովը և բերանից հանեց երասանը։

— Գնա՜ Պեգաս,— ասաց նա։— Դու ինձ հարկավոր չես, եթե ես սիրելի և հաճելի չեմ քեզ։

Թևավոր ձին մի ակնթարթում անհայտացավ նրա աչքից։Նա Հելիկոնի գագաթից դեպի վեր սլացավ բազեի նման շեշտակի։ Արևն արդեն վաղուց էր մայր մտել, ներքևում, երկրի վրա մութն էր, իսկ սարի վրա' դեռ վերջալույս։ Պեգասը թռավ ամպերից էլ բարձր և կարծես դողում էր այնտեղ արևի վերջին ճառագայթներից անդրադարձած ծիրանեգույն լույսի անաղոտ ալիքների մեջ։ Դեպի վերև թռչելով' ներքևից երևում էր նա մի պսպղուն կետի չափ և վերջապես բոլորովին անհետացավ երկնքի անհատակ կապտության մեջ։ Բելլերոֆոնն ընկավ երկյուղի մեջ. նա շատ վախեցավ, թե չլինի, հիրավի' թևավոր ձին այլևս չերևա ոչ մի անգամ։ Նա արդեն սկսեց զղջալ իր արարմունքի վրա.«այս ինչ խելք էր, որ ես բանեցրի», ասում էր նա ինքն իրան։ Բայց մեկ էլ տեսավ, որ պսպղուն կետը նորից երևաց երկնքի վրա և սկսեց կամաց֊կամաց իջնել դեպի ցած և ցած մինչև վերջապես իջավ իր տիրոջ առջև։ Այս փորձից հետո այլևս տեղիք չկար կարծելու, որ թևավոր ձին կփախչի երբևիցե։ Ձին և իր տերը մտերմացան իրար և այնուհետև հավատում էին միմյանց առանց կասկածելու։

Այս գիշեր մեր երկու բարեկամները տեղավորվեցին մի ժայռի խոռոչում և քնեցին իրար կողքի։ Բելլերոֆոնը բոլոր գիշերը ձեռքը չհեռացրեց Պեգասի վզից, ոչ թե զգուշության, այլ շատ սիրելուն համար։ Վաղ առավոտվա բարիլուսին վեր կացան և միմյանց ողջունեցին ամեն մեկն իր լեզվով: