Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4

Բելլերոֆոնը մի քանի օր կացավ Հելիկոնի վրա Պեգասի հետ. այս միջոցին նրանք ավելի մոտեցան միմյանց և ավելի մտերմացան։ Շատ անգամ միասին օդային ճանապարհորդություն էին անում և երբեմն այնքան էին բարձրանում, որ գետինը նրանց աչքում լուսնի չափ էր երևում։ Նրանք գնացին մի քանի երկրներ. ամեն տեղ նրանց տեսնող մարդիկը զարմանում էին և կարծում էին, որ թևավոր ձիով ճանապարհորդող սիրուն երիտասարդը Ոլիմպոսից կլինի իրանց մոտ հյուր եկած։ Պեգասի համար մեծ բան չէր օրական մի քանի հազար մղոն տեղ թռչելը։ Բելլերոֆոնը հափշտակվել էր այս տեսակ կյանք վարելուց. նա բոլոր կյանքն ուրախությամբ անց կկացներ մթնոլորտի վերին խավերում, ուր ամեն ժամանակ, ինչ տեսակ եղանակ էլ լիներ երկրիս վրա, միշտ պարզ էր և տաք։ Բայց նա չէր կարող մոռանալ իր տված խոստումը Հոբաթ թագավորին Քիմեռ֊Օշափին սպանելու մասին։ Երբ որ փոքր֊ինչ ընտելացավ օդային արշավանքներին և սովորեց Պեգասի հետ վարվել այնպես, որ նա իր տիրոջ ձեռքի տակ աննշան շարժումից և հազիվ լսելի ձայնից հասկանում էր նրա միտքը, այն ժամանակ մտքում վճռեց ձեռնարկել մտադրված վտանգավոր քաջագործությանը։

Եվ ահա մի առավոտ վաղ զարթնելով՝ թեթև կերպով կսմթեց Պեգասի ականջից, որ զարթեցնի նրան։ Սրա վրա Պեգասն իսկույն վեր կացավ տեղիցը և քառորդ մղոնաչափ մի ոստյուն արավ դեպի վեր, մի ակնթարթում պտտեց Հելիկոնի ամբողջ գագաթը, որ ցույց տա տիրոջը, թե ինքը բոլորովին սթափված է, թարմ է և պատրաստ' ուր ուզես թռչելու։ Այսպես ահա առավել ևս թարմանալով և ուրախ֊ուրախ խրխնջալով' եկավ իր տիրոջ մոտ, բայց այնքան թեթև, որ կարծես ճնճղուկ լինի ոստից ոստ թռչկոտելիս։

— Շա՜տ լավ ես չափ ընկնում, սիրելի Պեգաս, հիանալի են թռիչքներդ,— գոչեց Բելլերոֆոնը և գուրգուրելով շփեց թևավոր ձիու գեղեցիկ պարանոցը։— Ժամանակ է կարծեմ, որ քեզ հետ գնանք մեր գործին։ Այսօր ևեթ գնանք պատերազմելու Քիմեռ֊Օշափի հետ։