Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչխարի հոտը հեռու չէր: Ծառան դիմեց հովիվներին, գնեց մի փոքրիկ ուլ, մորթեց և սիրտն ու թոքը հանելով՝ տարավ իր աղային։ Սովդաքարը խորովեց, կերավ և միամտվելով շարունակեց ճանապարհը։

3

Ոչխարի հոտը կամաց-կամաց սփռվելով հովտի մեջ, հասավ այն թփին, ուր դրված էր երեխան։ Մի կթի այծի ծծեր այնքան լցվել էին, որ քիչ էր մնում տրաքվեին. մի ծծկեր կենդանի էր փնտրում, որ թեթևացնել տար իր ծանրությունը։ Նա որ տեսավ երեխային թփի տակ ուլի պես հեկեկալիս, իսկույն մոտեցավ և ծիծը դրավ բերանին։ Քաջառողջ և ուժեղ մանուկը սկսեց ծծել այնքան, որ բոլորովին դատարկեց այծի ծծերը։ Թե այծը և թե մանուկը հավասարապես գոհ մնացին այս անակնկալ դեպքից։ Այս բանը սովորություն դարձավ այծի համար. ամենայն օր միևնույն ժամին, ուր էլ որ լիներ հոտը, նա ջոկվում էր և վազում դեպի մանուկը, որ ծիծ տա նրան։

Այս կթի այծը պատկանում էր մի պառավի։ Պառավը մի քանի օր վրա-վրա զրկվեց կաթից. այծը գնում էր տուն դատարկ կրծքով։ Շատ նեղացավ պառավը և գնաց հովիվների հետ կռվեց։

— Դուք եք կթում իմ այծը,— ասում է պառավը և մեղադրում հովիվներին։ Իսկ հովիվները պատասխանում են.

— Երկի՛նք, գետի՛նք, մենք տեղեկություն չունինք։ Մենք որ կթելու լինինք, քո միակ այծը չենք կթիլ, այլ նրանցը կկթենք, որոնք մեկի տեղ մի քանիսն ունին։ Բայց քո այծը սովորություն է արել հանկարծ անհայտանալու։ Մեկ էլ նայում ենք, որ՝ չկա. ուր է գնում—չգիտենք։ Կուզես, մեկ օր եկ, դու ինքդ տես աչքովդ, որ հավատաս։

Պառավը մեկ օր այծի հետ գնաց ոչխարը և աչքը չհեռացրեց նրանից։ Կեսօրի մոտ ժամանակը, երբ այծի կուրծքն արդեն լցվել էր, նա սուս ու փուս քաշվեց դեպի մանուկը։ Պառավն սկսեց հետևել նրան։ Այծը կանգ առավ մի թփի տակ և երկար մնալուց հետո վերադարձավ դատարկ կրծքով։