Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պառավը մոտեցավ թփին և տեսավ մի հրաշագեղ երեխա։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար։

— Այս լավ դառավ,— ասաց նա,— եթե մի քանի օր կաթից զրկվեցա, դրա փոխարեն աստված ինձ մի որդի տվավ. կտանեմ, կպահեմ, կմեծանա, ինքն էլ ինձ կպահի։ Գրկեց երեխային, տարավ մոտիկ վտակում խշխշալի լողացրեց, փաթաթեց իր չարսավում ու ստեպ֊ստեպ համբուրելով՝ տարավ տուն։ Տղան մեծացավ և իրավի, դառավ պառավի ծերության նեցուկը, նրա պահապանը։ Եվ որովհետև սկզբում այծն էր պահպանել նրան, այդ պատճառով նրա անունը դրին Այծատուր, ասում էին և «Այծի տղա» մականունով։

4

Այծատուրը դառել էր արդեն տասնըվեց-տասնըյոթը տարեկան և մի հրաշագեղ, խելոք, ժրաջան և ամենքին սիրելի երիտասարդ էր։ Այս միջոցներին սովդաքարը մեծ քարվանով եկավ իջավ այս գյուղումը։ Հյուրասեր գյուղացիք շրջապատեցին սովդաքարին և մեծ պատվով ընդունեցին։ Ամենից առաջ նրա ձիու կապը բռնեց Այծատուրը, օգնեց նրան իջնել ձիուց և ինքն սկսեց ձին ման ածել, որ հանգստացնե հոգնածությունից։ Երբ որ ձին կապեց և խոտ տվավ, սկսեց իրան սովդաքարին ծառայել և կերակուր պատրաստել։ Սովդաքարին շատ դուր եկավ Այծատուրը. նրա քաղաքավարի խոսք ու զրույցը, շարժմունքը, ճարպիկությունը սովդաքարի ուշադրությունն այնպես գրավեցին, որ ուզեց նրան իր մոտ վերցնել։ Սկսեց հարցուփորձ անել և տղան պարզամտությամբ պատմեց իր ծագումը, ինչպես որ լսել էր, և իբրև ապացույց իր ասածի ճշմարտության, վկա բերավ իր Այծատուր անունը։

Սովդաքարն իսկույն մատը կծեց.— Հը՜մ,— ասաց իր մտքումը,— սա իմ վերցրած մանուկը պետք է լինի, և հենց այստեղ էլ հրամայեցի, որ սպանեն նրան, բայց բանից դուրս է գալիս, որ ծառան չի կատարել իմ հրամանը, և հենց տարիքն էլ համապատասխանում են նույն տարվան։