Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերադառնում և հինգ օրից հետո պիտի հասներ։ Մի նամակ գրեց, տվավ Այծատուրին և մի լավ ձի տալով՝ ասաց.

— Այս նամակը կհասցնես մեր տուն և քո ձեռքով կտաս իմ կնոջը։

Այծատուրը, որ մի առիթ էր որոնում իր պարոնի հրամանը մտերմությամբ և անհապաղ կատարևլու, նամակը ծոցումը դրավ և ձին նստեց թե չէ՝ թև առավ թռավ դեպի սովդաքարի տունը։

Մյուս օրը ճաշի ժամանակ հասսւվ սովդաքարի տունը։ Ամառն էր. բավական շոգ օր էր։ Իջավ ձիուցը, ձին կապեց մի ծառի ստվերում, իսկ ինքը մոտեցավ տան դռան։ Տեսավ դուռը կողպած է, էլ չուզեցավ անհանգստացնել ներսը եղողներին. թեք ընկավ պատի տակին և սաստիկ հոգնածությունից ու անքնությունից իսկույն քունը տարավ։

Մեր Այծատուրը այսպես քնի մեջ ով գիտե ինչ էր տեսնում երազումը, բայց արեգակի այրող ճառագայթների տակ կարմրել էր և քրտնել այնպես, ինչպես մայիսի կարմիր վարդը մարգարտյա ցողի կաթիլներով։ Իր այս պատկերով նա ուղիղ Գոհարիկի սենյակի պատուհանի դիմացն էր։ Ով գիտե, ինչ անհայտ դրդումից ստիպված, Գոհարիկը բաց արավ սենյակի պատուհանը և հանկարծ որ չտեսավ Այծատուրի ցողաթաթախ վարդագեղ դեմքը, մնաց տեղն ու տեղը մեխված իր կյանքումը տեսած չէր մի այսպիսի հրաշագեղ պատկեր։ Էլ աչքը չհեռացրեց. հանգամանքը հաջող էր, որովհետև իրան գրավող երիտասարդը քնած էր և կարող չէր տեսնել նրան։ Այսպես որ շատ նայեց Գոհարիկը, մի նամակի ծայր նշմարեց տղայի ծոցից դուրս եկած, հետո էլ տեսավ ձին և ճանաչեց։

— Սրան անպատճառ իմ հայրս կլինի ուղարկած իր գալուստն իմաց տալու,— ասաց աղջիկն իր մտքումր և առանց երկար մտածելու՝ իջավ վերևից և Այծատուրի ծոցից նամակը կամացուկ դուրս քաշեց ու կրկին թռավ դեպի վեր՝ իր սենյակը։

Գոհարիկը բաց արավ նամակը և կարդաց հետևյալը.