Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ոչ հայր և ոչ մայր։

Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքե աշխարհք և չոլե չոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց nւ փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի. նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի է ման գալիս։ Ծերունին ասաց.— Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ. քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ քո որդու հավանած։

Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.—Սպասիր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ. դու իմ հարսնացուն ես, քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։ Այդ ասաց թագավորը, և նրա անունն էլ գրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ:

2

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ, մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։— Դուրս եկ,— ասաց,— ջրիցը, ինձնից մի քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ, բոշան նրան խեղդեց ,ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն թե նա է Եղեգնուհին։