Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.

«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ և թագավորն ուզեց նրան ամուսնացնել, նա ասաց․ Հայր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։

Այս ասաց աղջիկը և դառնալով կաքավին՝ հարցրեց.

— Այսպես չէ՞, կաքավ։

Կաքավը պատասխանեց․

— Այդպե՛ս տիրուհի:

Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.

— Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։

Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թըշթըշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։ Աղջիկը շարունակեց.

«Ճար չկար. թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզածը մի աղջիկ գտնե, վերջը մի ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը,եղեգն իսկույն աղջիկ դառավ և ընկղմվեց գետի մեջ»։

— Այդպես չէ՞, կաքավ։

— Այդպե՛ս, տիրուհի։

— Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։ Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղել, տրտնջալ, թե՝ շոգ է. չի կարող նստել, տուն է ուզում գնալ։

— Շատ ես շտապում,— ասաց թագավորը,— հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։ Աղջիկը շարունակեց.

«Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցր դուրս գալ։ Թագավորն ասաց. Այստեղ սպասիր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։ Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արաբ էր արդյոք թե՞ խափշիկ, բոշա էր թե՞ ղարաչի, խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը, խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան թագավորին հարսնացուն»: