Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ հավանական է, որ այդպես լինի։ Ես մի ուրիշ բան էլ եմ նկատել։ Մինչև հիմա ոչխարները մենք էինք տուն քշում, բայց հիմա իրանք իրանց են ներս գնում. երևի մի քշող կա նրանց։ Գիտե՞ս ի՞նչ է. հաց ուտելիս, երբ որ ես կհազամ, դու իսկույն երկու ձեռքդ մեկնիր, ես էլ մյուս կողմից կպարզեմ, և այսպիսով, եթե մեր կողքին մարդ լինի, կգրկենք նրան։

Երեկոյին հաց ուտելիս մարդ ու կնիկ կատարեցին իրանց պայմանը և մեր Թաթուխին իրանց ճանկը գցեցին։

— Ո՞վ ես դու,— ասացին,— ինչո՞ւ ես քեզ թաքցնում մեզանից։

Թաթուխն ասաց.— Ես մի օտարական մարդ եմ, եկել եմ ձեր օջախն եմ ընկել, դուք եղեք ինձ հայր ու մայր, ես կլինիմ ձեզ որդի, հովվություն կանեմ և ձեզ կպահպանեմ։

— Շատ լավ,— ասացին,— ուրեմն քեզ հենց աստված է ուղարկել մեզ համար. մենք զավակ չունինք, դու եղիր մեզ որդի:

3

Մյուս օրը հայրը Թաթախին պատվեր տվավ և ասաց.

— Լսիր, որդի. երբ ոչխարը կտանես արածացնելու, ոչ ձախ կողմի սարը կտանես և ոչ աջ, այլ ուղիղ մեր դեմուդեմի սարը կտանես։

— Շատ լավ,— ասաց Թաթուխը, բայց հոր պատվերը չկատարեց։ Երկրորդ օրը հոտը քշեց ձախակողմյան սարր և հանդիպեցավ այնտեղ մի դիվական հարսանիքի։ Հավաքվել էին բոլոր քաջքերը և զուռնով ու դափով հարսանիք էին անում։ Սրանք որ տեսան Թաթուխին, գնացին բռնեցին և քաշ տվին տարան իրանց խնջույքը։ Ասացին.— Տեսնում ես հարսանիք է, մենք ամենքս զբաղված ենք, պետք է մեզ համար փայտ կոտրտես։

Թաթուխը հոժարեցավ, և կացինը ձեռքն առած, սկսեց ճեղքել մի ահագին գերան։ Հենց որ գերանի ճեղքը բաց արավ մի քանի սեպով, կանչեց բոչոր քաջքերին, թե — եկեք, եկեք, շուտ արեք, ձեզ մի նոր օյին ցույց տամ, որ ձեր