Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարսանիքի խնդությունը ավելի կատարյալ լինի։ Հավաքվեցան բոլոր քաջքերը, նույնիսկ փեսացուն ու հարսնացուն էր:—

Արա՜,— ասացին,— ի՞նչ օյին պիտի ցույց տաս։

Թաթուխն ասաց.— ձեռքներդ դրեք այս ճեղքումը, ես հետո ցույց կտամ։

Ամենքն էլ շտապելով ձեռքները դրին գերանի ճեղքումը, որ շուտով տեսնեն օյինը:

Թաթուխն իսկույն սեպերը հանեց, և բոլոր քաջքերը միաբերան սկսեցին աղիողորմ ոռնալ։

— Վա՜յ, վա՜յ, կոտորվեցինք, այս ի՞նչ արավ այս մարդը. մի՞թե այսպես օյին կլինի։

Թաթուխն ասաց.— Այդ դեռ առաջաբանն է, օյինը հետո պետք է լինի։— Ասացեք, դո՞ւք եք հանել իմ հորն ու մոր աչքերը և որտե՞ղ եք պահել... Մինչև նրանց աչքերը չտաք, ձեզ փրկություն չկա։

— Այո՛, այո՛, վա՜յ, վա՜յ,— ասաց մեկը, որի սիրտը ամենից շատ էր կսկծում ցավից...— Ահա այնտեղ է, այնտեղ, այն թփի տակին, գնա՛ վերցուր և ազատիր մեզ։

Թաթուխը գնաց վերցրեց աչքերը և եկավ հարցրեց.

— Աչքերը գտա, բայց ինչպե՞ս պետք է սաղացնեմ։

— Աչքերը կդնես իրանց տեղը և մեր նորահարսի աղլուխովը կշփես, իսկույն կառողջանան։

Թաթուխը գնաց վերցրեց նորահարսի աղլուխը։

— Դե, հիմա ազատիր մեզ,— աղաղակեցին ամենքը։

— Կազատեի, բայց ո՞վ է երաշխավոր, որ դուք ձեր վրեժը չեք լուծիլ և մեծ պատառս ականջս չեք թողնիր: Չէ՛,այդ հույսը մի՛ ունենաք ինձանից, ձեզ փրկություն չկա, լացեք ձեր սև օրը:

Դևերի հարսանիքը սուզի փոխվեցավ։ Աղաչանք, պաղատանք չազդեցին նրա վրա, ու ի՞նչ խելք կլիներ, եթե փըրկեր: Կացինը ձեռն առավ մեր Թաթուխը և մեծից սկսած մինչև փոքրի գլուխները ջախջախեց, և այն սարը սրբեց գարանագործ դևերից։