Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աչքիս լույս, ուր էիր, ինչո՞ւ ուշացար այսքան։ Այս ասաց քույրը և շտապով դուրս եկավ դուռը։

Տեսավ ձին կապած, խուրջինը վրան։ Խուրջինն ամբողջը կուլ տվավ և ներս գնաց եղբոր մոտ ու հարցրեց.

—Եղբայր ջան, քեզ մատաղ, առանց խուրջինի ես եկե՞լ:

—Այո ,— պատասխանեց Թաթուխը, և իսկույն հասկացավ, որ խուրջինը կուլ է տվել:

Քույրը մեկ էլ դուրս եկավ և ձիու մեկ ոտը կերավ ու ներս գալով հարցրեց.

—Եղբայր ջան, քեզ մատաղ, ձիդ երեք ոտով ես բերե՞լ:

—Այո,— պատասխանեց Թաթուխը։

Քույրը դուրս գնաց և ձիու երկրորդ ոտն էլ կերավ և ներս գալով հարցրեց.

—Եղբայր ջան, քույրդ քեզ մատաղ, ձիդ երկո՚՚ա ոտքով ես բերել...

— Այո՛,— պատասխանեց եղբայրը։

Քույրն շտապով դուրս գնաց և երրորդ ոտը կերավ, է էլի ներս գալով հարցրեց.

— Եղբայր ջան, ձիդ մի՞ ոտքով ես բերել։

— Այո',- ասաց Թաթուխը, որի սիրտն արդեն սկսել էր դողդողալ։ «Ձին ուտելուց հետո պիտի ինձ էլ ուտի.ի՞նչ պիտի անեմ ես, ինչպես պիտի ազատվեմ»,մտածում էր նա:

Քույրը դուրս գնաց, չորրորդ ոտքն էլ կերավ, էլի ներս եկավ և հարցրեց.

— Եղբայր ջան, ոտքո՞վ ես եկել։ -Այո, քույրիկ ջան, ոտքով եմ եկել, ոտքով էլ պիտի գնամ, բայց չգիտեմ, պիտի թողնե՞ս թե ոչ։

— Վույ, քոռանամ ես, եղբայր ջան, ինչպես կթողնեմ, ահա քանի տարի է աչքս քո ճանապարհին է, թե երբ պիտի եղբայրս գա, որ սրտիս մեջ տեղ տամ նրան։ Ով գիտե քաղցած ես, սպասիր, ես գնամ քեզ համար հաց բերեմ։

Քույրը դուրս գնաց թե չէ, տան անկյունից մի աքաղաղ դուրս եկավ և ասաց Թաթուխին. -Ա՛յ տղա, քույրդ գնաց ատամները սրելու, որ գա քեզ ուտի. ճար ունես, տես։

—Ի՞նչ ճար անեմ, չգիտեմ. ասաց տղան: