Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աքաղաղն ասաց.—֊ Մուշտակդ հանիր, մեղը մոխրով լցրու, հերթիցը կախ արա, ինքդ դուրս եկ, փախիր։ Նա կգա կընկնի մուշտակիդ վրա, աչքերը մոխրով կլցվեն. մինչև նա աչքերը կմաքրե, դու բավական տեղ գնացած կլինիս։

Ինչպես ասաց աքաղաղը, տղան էլ այնպես արավ ու փախավ։

Աղջիկը եկավ, տեսավ՝ եղբայրը չկա, մուշտակն ընկավ աչքովը, կարծեց՝ նա ինքն է եղբայրը. գազանի պես վրա ընկավ. քրքրեց, մոխիրը թափվեց վրան և աչք ու բերան լցվեց։ Տեսավ որ խաբված է, սաստիկ կատաղեց, շուտով թափ տվավ մոխիրը, աչքերը սրբեց ու վազեց եղբոր հետևից։

Թաթուխը բավական հեռացել էր ետ մտիկ տվավ, տեսավ քույրն արդեն հասվեհաս է, ինքն էլ ջանք արավ, հասավ ծիրանի ծառերին և մագլցեց մեկի վրա։

Քույրը հասավ, փորձեց ինքն էլ բարձրանալ ծառի վրա, կարողացավ. սկսեց ատամներով կրծել ծառի բունը և այնքան կրծեց, որ բոլորովին կտրեց։ Կտրած ծառն ընկավ երկրորդ ծառի վրա, տղան էլ նույն ծառի ծայրին նստեց։ Աղջիկն կսևց կրծել երկրորդ ծառը։ Սա էլ կոտրվեց, ընկավ երրորդ ձառի վրա։ Աղջիկն սկսեց կրծել երրորդ ծառը։

Այս միջոցին Թաթուխի հայրագիրն ու մայրագիրը նայեցին նշան դրած կաթին, տեսան որ կարմրել է, իսկույն արձակեցին Զանգի֊Զրանգին։ Մտերիմ գազաններն իսկույն գտան իրանց տիրոջ հետքը, տեսան թե ո՞ր կողմն է գնացել և ի՞նչ ճամփով հսկայական ոստյուններ անելով մի ակնթարթում հասան իրանց տիրոջը։ Վերջին ծառն արդեն ընկնելու վրա էր, երբ որ նրանք հասան։ Թաթուխը նրանց տեսավ թե չէ՝ կանչեց վերևից. — Զանգի֊Զրանգի, հենց հուփ տվեք, հենց կուլ տվեք, որ մի պուտ արյուն կաթի։ Նրանք էլ այնպես հախռեցին աղջկան և այնպես կուլ տվին, որ միայն մի պուտ արյուն կաթեց մի տերևի վրա։

Տղան իջավ ծառիցը, Զանգի ֊Զրանգին փաթաթվեցին նրա ոտներին և կաղկանձելով հայտնեցին իրանց ուրախությունը տիրոջ ազատության համար։ Թաթուխն էլ նրանց գլխները շփեց և հայտնեց իր շնորհակալությունը. հետո արյունոտ