Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թագավորի հրամանովն են անում, ինչ որ անում են, իսկ թագավորը նրանց գործ է դնում իր օգտին, առանց նրանց ինքն անձամբ հավատալու։ Դու կարող ես, այո՛, քրմապետ լինել, բայց ոչ ինձ հավատի բերելու համար։ Իմ ասածը ասած է։

— Հայր,— խոսեց Վուրգը,— միևնույն է, եթե չգնամ էլ, այս ցավով պիտի մեռնիմ ես։ Ես արդեն մեռած կլինեի, եթե Արսենի հուսատու հորդորները չլինեին։ Եթե թույլ չտաս մեջ գնալ, իմ հուսահատվիլս ու մեռնիլս միասին կլինի։ Գթա՝ ինձ, օրհնիր մեզ և ճամփա դիր:

֊ Մի՛ հավատար, հայր,— մեջ ընկավ Աստղիկը.— ո՞վ է մեռել սիրուց, որ եղբայրս մեռնի։ Պարապությունից խենթություն է եկել վրան։ Պատերազմ հայտնիր Անդաս թագա- վորի դեմ, թող երթա՝ այնտեղ ցրվե իր ցնորքները...

— Քո՜ւյր իմ, սիրելի՜ քույր...— բացականշեց Վուրգը, աղաչողական հայացք ձգելով Աստղիկի վրա։

— Եղբա՜ յր իմ, սիրելի եղբայր,— պատասխանեց Աստղիկը, այնպիսի մի հայացք ձգելով Արսենի վրա, որի մեջ ամփոփված էր մի ամբողջ վեպ։

Վուրգն իմացավ, որ քույրը նույնպես սիրահարված է, և եթե իր սերը պահանջում էր հեռանալ, քրոջ սերը, ընդհակառակը, պահանջում էր չհեռանալ։

— Գնանք, գնանք,— ասաց Արսենը։— Մենք մեզ կհանձնենք աստուծո կամքին, ինչպես նա կտնօրինե, մենք էլ այնպես կվարվենք:

6

— Վճռվա՛ծ է,— բացականչեց Արսենը Վուրգի ներկայությանը, իբր ինքն իրան խոսելով.— պետք է գնանք, պետք է գնալ անպատճառ... Ես Աստղիկի սիրույն ինձ արժանի չեմ համարիլ, մինչև նրա եղբորը չհասցնեմ իր մուրազին։ Ո՞վ եմ ես, ո՞վ է իմ հայրը, մայրը... Ասլան-Բալա... դատարկ հնչյուն, որ ոչ մի եղանակ չունի։ Ի՞նչ եմ արել, ինչո՞վ եմ բարձրացրել այդ անունը, ինչո՞վ եմ պատվել իմ առյուծ դայակիս կաթի արժեքը... Ո՛չ ես առյուծի կաթ չեմ ծծել