Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը և չորս կողմին նայելով և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ի՛նչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ քաղաքիս առաջին հարուստն է, տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

— Հասկացա. ուրեմն իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շատ լավ։ Ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցեք խուրջինս, այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ, վաղն աստված ողորմած է:

Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր: Քաղաքի բոլոր թաղերում մի֊մի խանություն էին հաստատել և մեծ֊մեծ աղա մարդիկն անգամ բուրդը֊դուրս մուշտակներ էին հագել, փափախները նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով, որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և մի բանում մեղադրելով, նրանից մի տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկ֊խանն էր։

Մեր իմաստուն մանուկին խան էին շինել և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած, տեսնելով որ մի տասներկու տարեկան պատանի՝ մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք գրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց այս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ֊շտապ, բռունցքը