Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

Արվեստով վիպասան մի երիտասարդ խոր քնի մեջ ընկղմած երազումը մի նոր վեպ էր գրում, իսկ նրա մոտ Ուրիելն ու Հերմեսը նստած վիճում էին իրար հետ։ Երիտասարդը երազում լսում էր նրանց վիճաբանությունը և գրիչը վայր դրած՝ ականջ էր դնում։

— Այս խեղճին դու ես այսչափ հիմարացրել, որ երազումն էլ վեպ է գրում,— հանդիմանում էր Հերմեսը Ուրիելին։

— Հիմարացնելը քո արվեստն է,— պատասխանեց Ուրիելը,— ես միայն խելոքացնել կարող եմ։ Ասա խնդրեմ, մի՞թե հիմարություն է վեպ գրելը։

— Մի՞թե պատասխանի կարոտ է ասածդ, չա՛ր։ Մեկ մարդ մինչև հիմար չլինի, ինչպե՞ս կարող է տակից գլխից դուրս տալ, հազար տեսակ չեղած բաներ հնարել, անհամ,անալի սուտեր կարկատել, որպեսզի կարողանա մի ավելի խոշոր սուտ ճշմարտի տեղ անցկացնել։

— Զարմանալի արարած ես դու, Հերմես, քո ստեղծողն էլ պիտի կարծե, թե բանի նման բան է շինել քեզ։ Մի արարած, որ ի բնե միամիտ լինի ստեղծված, ի՞նչ գաղափար կարող է ունենալ իմաստության մասին, և իզուր չէր ասում Ապոլոնը, թե աշխարհի մարդիկն ավելի են իմաստուն, քան թե Օլիմպի բնակիչները։

— Դու անհաղթելի ես և չար, երբ քեզ հետ խոսենք