Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժոխքի բաժին չդառնան, այլ արքայության, ես քեզ եմ տալիս երկուսն էլ, ուր ուզում ես՝ այնտեղ տար։

— Ես համաձայն չեմ, որովհետև ո՞վ իմանա քո միտքն ի՞նչ է։ Դու ուզում ես աշխարհս քո իշխանության տակը դնել, բոլորովին ապականել, իսկ ես ապականված հոգուն չեմ կարող մոտենալ և հակառակ չեմ, որ այդպիսին դժոխքումը տանջվի։ Ուրեմն դու ուզում ես վարպետությունով դժոխքիդ հաճախորդների թիվը շատացնել։

— Եթե այդպես ես կարծում, ուրեմն շարունակենք մեր դարավոր թշնամությունը միմյանց դեմ, դու աշխատիր մարդկանց հիմարացնել, իսկ ես կաշխատեմ իմաստնացնել, դու աշխատիր ինձ սատանայացնել, իսկ ես կաշխատեմ քեզ իշացնել և հույս ունիմ, որ վերջ ի վերջո հաղթությունն իմս կլինի, որովհետև դու ինքդ էլ ես տեսնում, որ մարդիկ օրեցօր հառաջ են գնում, օրեցօր լուսավորվում և իմ դեմ լարած ձեր բոլոր մեքենայությունները մի օր կփշրվին իսպսառ և ես կիշխեմ ամենքի վրա, իբրև զուտ հանճար և կլինիմ միահեծան տեր։

— Եվ այնուհետև չես ճանաչիլ քո ստեղծողին, քո տիրոջը, չես հպատակիլ նրա կամքին։

— Նա քեզ պես հիմար չէ, մեծ է նրա տիեզերքը, լայն է նրա սիրտը, նա թույլ կտա, որ ես իշխեմ նրա անհուն աշխարհների մի չնչին հյուլեի վրա և կառավարեի իր տիեզերական օրենքի համեմատ։

— Օ՜, սատանա, սատանա, որքան խորամանկություն կա քո մեջ։ Քո բոլոր ասածներդ այս մարդը լսում է երազումը և Ադամի պես խաբվում. քո բոլոր ասածներդ սա ընդունում է իբրև զուտ ճշմարտություն։

— Եթե կարող ես հերքել, հերքիր ասածներս, թող չըմոլորվի այս մարդը, իսկ ես սրա ականջին այս կասեմ, որ եթե ուզում է շնորհալի գրող դառնալ, թող իմացած լինի, որ սատանա ասվածը գրողների փիրն է, առանց սատանայի օգնության շնորհքով բան գրել կարելի չէ, աշխարհիս բոլոր հանճարները իմ ամենասիրելի բարեկամներն են եղել, միայն նրանք են հասկացել, թե որպիսի բնավորություն ունիմ ես, ինչքան ինքնուրույն, ինչքան անկախ, ինչքան ազատ։