Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ երեք աղջկերքը իրար նման էին, ինչպես քույրեր և երեքն էլ գեղեցիկ էին։ Միայն կրտսերը շատ էր գերազանցում մյուսներին իր գեղեցկությունովը:

Եվ առաջինն ասաց.

- Որովհետև առաջինը ես պետք է ասեմ, թե ինչ եմ ցանկանում, ուրեմն կասեմ, որ ես ցանկանում եմ լինել թագավորի գաթա թխողի կինը։ Դուք հո գիտեք, որ ես շատ եմ սիրում քաղցր խմորեղենը, մանավանդ այն քնքուշ ու պատվական միջավոր կարկանդակները, որոնք անվանվում են «սուլթանական»։ Եվ միայն սուլթանի գաթային է կարողանում պատրաստել այնքան գեղեցիկ։ Ախ, իմ քույրեր, ահա թե ե՛րբ կսկսեք ինձ նախանձել, տեսնելով, թե ես ինչպես միշտ ուտելով այդ կարկանդակները, սկսում եմ գիրանալ գեղեցկանալ և իմ երեսի գույնը սկսում է նրբանալ և պայծառանալ:

Իսկ երկրորդ քույրն ասաց.— Ես շատ չեմ պատվասեր:Ես կբավականանամ ամուսնանալ սուլթանի խոհարարի հետ։ Ախ, որ իմանաք, ինչքան եմ ցանկանում ես այդ։ Այդ ժամանակ ահա, ես հնար կունենամ համն առնելու այն բոլոր համեղ կերակուրների, որոնք ուտվում են միմիայն սուլթանի պալատում։ Բայց այս դեռ ոչինչ. այնտեղ ավելի լավ բան են տալիս ուտելու, ինչպես խորոված բորինջաններ, լցրած բրնձով ու զանազան համեմունքներով, որ երբ տեսնում եմ սինիներով տանելիս՝ սիրտս սկսում է թրթռալ։ Ի՜նչ ախորժակով կուտեի։ Իհարկե, ձեզ չեմ մոռանալ և ստեպ֊ստեպ կկանչեմ ձեզ ինձ մոտ, եթե իմ խոհարար ամուսինը թույլ կտա, բայց դժվար թե նա թույլ տա ալդ։

Այսպես մեծ ու միջնակ քույրերն իրանց ցանկությունը հայտնելուց հետո, դարձան իրանց կրտսեր քրոջը, որ լուռ նստած՝ նրանց էր ականջ դնում, և ծաղրելով ասացին.

—Հապա դու, սիրուն բալիկ, դու ի՞նչ ես ցանկանում։ Միամիտ կաց, երբ որ մենք մարդու կգնանք, երբ կուզենք մեր ընտրածներին, խոստանում ենք, որ այն ժամանակ կաշխատենք, որ քեզ տանք սուլթանի ձիապաններից մեկին, կամ նրանց նման մի ծառայի՝ նրա համար, որ մեզանից