Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոտիկ ապրես։ Հապա ինքդ ասա, տեսնենք դու ինքդ ինչ մտքի ես, ո՞ւմ ես ուզում։

Փոքրիկ քույրը ամոթխածությունից շփոթվելով, պատասխանեց մի այնպիսի դողդողացող ու քնքուշ ձայնով, ինչպես բարակ վտակի խոխոջալն է լինում և ասաց.— Ո՛վ քույրեր։— էլ ոչինչ չկարողացավ ասել։ Քույրերը ծիծաղելով նրա ամոթխածության վրա, թափեցին նրա վրա զանազան հարցումներ ու կատակներ և վերջապես հարկադրեցին նրան ասելու իր ցանկությունը։ Նա էլ առանց աչքերը բարձրացնելու ասաց.— Ո՛վ իմ քույրեր, ես կցանկանայի մեր տեր սուլթանի կինը լինել։ Ես կտայի նրան մի օրհնաբանյալ սերունդ։ Մեր ամուսնությունից ծնված արու զավակները իրանց հորն արժանի որդիք կլինեին։ Իսկ աղջիկս, որ կուզեի ունենալ, նման կլիներ երկնքի ժպտին. նրա մազերի մի կողմը ոսկի կլիներ, մյուս կողմը՝ արծաթ, նրա թափած արտասուքների ամեն մի կաթիլը մարգարիտ կդառնար, նրա ծիծաղի ձայնը կհնչեր ոսկե դրամների նման, իսկ նրա ժպիտը վարդի կոկոնի նման կբացվեր նրա շրթունքների վրա։

Ահա բոլորը։

Սուլթան Խոսրով-շահը և նրա ուղեկիցը տեսան և լսեցին բոլորը։ Բայց չուզենալով, որ իրանց նկատեն, ընդհատեցին իրանց ականջ դնելը և շուտով հեռացան։

Խոսրով-շահը այդ լսածները շատ հետաքրքրական համարեց և իր հոգու մեջ ցանկություն զգաց կատարելու այն ամենը, ինչ որ ցանկանում էին աղջկերքը և իր մտադրությունը չհայտնելով իր ուղեկցին, նա հրամայեց, որ լավ նկատի այն տունը, որ մյուս օրը գա երեք քույրերի հետևից և նրանց տանե պալատը։ Վեզիրը պատասխանեց, որ լսում է և կհնազանդի և մյուս օրն շտապեց կատարելու սուլթանի հրամանը ու քույրնրին տարավ պալատ։

Սուլթանը գահի վրա նստած՝ գլխով ու աչքով արավ, ասելով,— մոտ եկեք։— Եվ մոտեցան նրանք՝ բոլոր մարմնով դողալով և մըճրճվելով իրանց աղքատիկ քաթանի շորերի մեջ. իսկ սուլթանը ասաց նրանց՝ բարեհոգությամբ ժպտալով.

— Ողջույն ձեզ, ով ջահել աղջկերք, այսօր բացվել է ձեր