Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ քույրերը շատ ուրախացան, հագեցնելով իրանց չարությունը, և այդ օրվանից կարող էին հանգիստ սրտով ուտել իրանց ամուսինների պատրաստած քաղցրեղենները և համադամ խորտիկները։

Եվ օրերն ու տարիները անց էին կենում միատեսակ արագությամբ՝ թե արդարների և թե՛ մեղավորների գլխովը, բերելով այն, ինչ որ վիճակված էր ամեն մեկին։

Եվ ահա, երբ որ կառավարչի որդեգրած երեխեքը երեքն էլ մտան պատանեկության հասակը, իրանց գեղեցկությունով սկսեցին կուրացնել բոլորի տեսությունը։

Եվ անվանում էին նրանցից մեկին Ֆարիդ, երկրորդին՝ Ֆարուզ, իսկ աղջկանը' Ֆարիզադա։

Ֆարիզադան էր բուն երկնքի ժպիտը։ Նրա մազերի մի կողմն արծաթի էր, մյուս կողմը ոսկի։ Երբ որ նա լաց էր լինում, գետին ընկած արտասուքի կաթիլները դառնում էին մարգարտի հատիկներ, երբ որ ծիծաղում էր, նրա ծիծաղը հնչում էր ոսկի դինարների ձայնով։

Ահա թե ինչու բոլոր նրան ճանաչողները, ինչպես և հայրը, մայրը և եղբայրները նրա անունը «Ֆարիզադա» ասելիս, միշտ ավելացնում էին՝ «վարդաժպիտ»։

Եվ ամենքը մնացել էին զարմացած նրա գեղեցկությանը, խելքին, հեզությանը, ճարպիկությանը, ինչպես նա էր պահում իրան ձիու վրա, ուղեկցելով եղբայրներին որսի գնալիս, նրա նետ ձգելը, նիզակ բանեցնելը։ Նա հիացնում էր իր վարմունքի վայելչությունովյը, հյուսած շնորհալի ոտանավորներովը և հայտնի ու ծածուկ գիտությունների հմտությունովը և ճոխությունովը իր մազերի, որ մի կողմից ոսկի էին և մյուս կողմից արծաթի։

Այսպես զարգանում էին թագավորական այգիների կառավարչի որդիները, իսկ ինքը՝ կառավարիչը, շրջապատված նրանց սիրովն ու հարգանքովը, խնդալով նրանց գեղեցկության վրա, շուտով հասավ խորին ծերության։ Իսկ իր ամուսինը կյանքից իրան բաժին ընկած մասը լրացնելով մեռավ իր ամուսնուց առաջ։ Նրա մահը բոլոր գերդաստանի համար պատճառ դարձավ տխրության ու կսկծի, այնպես որ կառավարիչն այլևս մնալ չուզեց նույն տանը, որտեղ