Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենքը միաձայն կերգերին։ Նրա համար որ բոլոր երգեցիկ թռչունները՝ սոխակները, սարյակները, արտույտները, տատրակները, սևակատարներն ու կարմրակատարները և աշխարհիս բոլոր անհամար թռչունները խոստովանում են նրա գերազանցությունը և գեղեցկությունը։ Դա է, ով իմ տիրուհիս, Հազարան Բուլբուլը՝ խոսող թռչունը։

Երկրորդ անհամեմատ առարկան, ով իմ տիրուհիս, եթե նա լիներ այս այգումը, այնուհետև քամին, որ ծառերին հարկադրում է երգել, կդադարեր, որ ինչ է՝ նրան լսեր, թառի, քնարի ու ջութակի լարերը կկտրվեին այստեղ բնակարաններումը։ Եվ այդ նրա համար, որ այդ ծառերին երգել հարկադրող քամին, թառը, քնարը և ջութակը, ո վ իմ տիրուհիս՝ խոստովանում են նրա կատարելությունը և գեղեցկությունը։ Դա է Երգող Ծառը։ Ոչ զեփյուռը, որ քնքշությամբ խաղում է տերևների հետ, ոչ բազմաթել քնարները չեն կարող հնչեցնել այնպիսի քաղցր հնչյուններ, որ կարողանան համեմատվել այն խմբական ձայնին, որ առաջ է գալիս հազարավոր անտեսանելի բերաններից, որոնք պարունակում են Երգող Ծառի տերևներում։

Իսկ երրորդը այդ աննման առարկաներից, ով իմ տիրուհիս, եթե լիներ այս այգիներումը, բոլոր ջրերը կանգ կառնեին, կկտրեին իրանց ձայնը, որ նայեն նրա վրա։ Եվ այդ նրա համար, որ ցամաքի ու ծովի բոլոր ջրերը՝ աղբյուրները, առվակները, վտակները, գետերը՝ թե քաղաքներում և թե գյուղերում՝ խոստովանում են նրա աննման գեղեցկությունը։

Դա է՝ Ոսկեցնցուղ Ջուրը։

Այո՛, ով իմ տիրուհի, այդ ջրի մի հատիկ կաթիլը եթե ձգենք դատարկ ավազանի մեջ, նա կուռչի, կփքվի և կսկսի խփել, ինչպես մի ոսկի խուրձ, և չի դադարեցնիլ իր ցայտյունը և երբեք էլ չի թափվիլ ավազանի ափերից։ Հենց որ լիքը լցվի ավազանը, այնպես էլ կմնա, թեև կշարունակի անդադար վեր ցատկել, ցնցղել իր ոսկեցնցուղ կաթիլները։

Այդ ոսկի ջրից, որ այնպես թափանցիկ է, ինչպես տոպազը, սիրում է հագեցնել իր ծարավը Հազարան Բուլբուլը՝ խոսող թռչունը։ Այդ իսկ ոսկի ջրից սիրում են հագեցնել