Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձիգ, և նետիր գնդակը առջևդ։ նա կգլորվի առաջիդ, հետևիցդ կքշես ձիդ։ Եվ ուր որ գնդակը կանգ կառնի, այնտեղ դու էլ կիջնես, ձիգ կկապես գնդակից, որ կմնա անշարժ, մինչև քո վերադարձը։ Իսկ դու կբարձրանաս այն սարը, որի գագաթը երևում է և այստեղից։ Սարը բարձրանալիս դու ամեն կողմում կտեսնես խոշոր սև-սև քարեր և կլսես ձայներ։ Այդ ձայները չեն լինիլ հեղեղներից, քամիներից, անդունդներից, այլ կլինեն աներևույթ ձայներ։ Նրանք կգոռան այնպիսի խոսքեր, որոնցից մարդու արյունը կսառչի երակներումը։ Դու պետք է ուշ չդարձնես, պետք է չլսես այդ ձայները, իսկ եթե վախենաս և ետ նայես, դու կդառնաս այն սև քարերից մեկը, որոնցով լիքն է սարի վերելքը։ Իսկ եթե չես լսիլ նրանց, կբարձրանաս սարի գագաթը, այնտեղ կտեսնես մի վանդակ, միջին թառած Խոսող Թռչունը։ Եվ կասես նրան.— Ողջո՜ւյն քեզ, ով Հազարան Բուլբուլ։ Որտե՞ղ է Երգող Ծառը, որտե՞ղ է Ոսկեցնցուղ Ջուրը։ Խոսող Թռչունը կպատասխանի քեզ.— Բարով ես եկել...

Այս բոլորն ասելուց հետո, ծերունի կրոնավորը խոր շունչ քաշեց, և դրանից հետո լռեց։

Ֆարիդը' ծերունու խրատը լսելուց հետո, ձին հեծավ և բոլոր ուժով առաջ նետեց գրանիտե գնդակը և ձին հետևիցը քշեց։ Գրանիտե կարմիր գնդակը գլորվում էր թռչկոտալով։ Կանգ չառնելով ոչ մի խոչ և խութի առջև, Ֆարիդի ձին, որ մի կայծակ էր բոլոր ձիերի միջին, հազիվ էր կարողանում գնդակին հետևել։ Այսպես սրարշավ գնացին գնդակն ու ձին, մինչև դիպան սարի առաջին ժայռին։ Այստեղ հանգիստ ա- ռավ գնդակը։

Ֆարիդն իջավ ձիուցը և սանձը կապեց գնդակից, ինչպես ասել էր ծերունին։ Ձին կանգ առավ այնտեղ մեխվածի պես, իսկ ինքը սկսեց բարձրանալ սարնիվեր։ Սկզբում ոչինչ չէր տեսնում, բայց քանի վերև գնաց, այնքան ավելացան գետնին փռված սև-սև քարերը։ Ֆարիդը չէր իմանում, որ դրանք իր նման երիտասարդներ են եղել և այդտեղ են քար դարձել մի աներևույթ զորության ազդեցությամբ։ Այդ քարերի մոտով բարձրանալիս հանկարծ մի այնպիսի ձայն լսեց, որի նմանը նա չէր լսած իր կյանքումը։ Առաջին գոչյունին հետևեցին