Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քիչ թե շատ երգել գիտեին, ինչպիսիք էին և աղավնին, տատրակը, ագռավն ու կաչաղակը, մոշահավն ու ծիծեռնակը։ Սրանք բոլորն ամեն մեկն իր ձայնով, մի առանձին ներդաշնակությամբ սկսեցին ձայն պահել Հագարան Բուլրուլի բարձրաձայն երգին։ Սրանով նրանք բոլորը մի տեսակ խոնարհություն և հպարտություն էին ցույց տալիս Խոսող Թռչունին և նա ավելի էր ոգևորվում և ցույց էր տալիս իր բոլոր շնորհքը։

Հովանոցի մոտն էր և մարմարիոնի ավազանը, որ Ֆարիզադի համար հայելու պաշտոն էր կատարում. նա տեսնում էր իր պատկերը և վարսագեղ մագերը՝ կեսը ոսկի և կեսը արծաթի։ Այդ ավազանի մեջ կաթեցրեց Ոսկեցնցուղ Ջրից մի կաթիլ։ Ոսկե կաթիլն սկսեց քչքչաչ, խոշորանալ և դառնալ մի ջրային խուրձ, որից, իբրև հազարավոր ծորակներից, վեր էին ցայտում ոսկի կաթիլները շատ բարձր և կրկին վայր թափվում ավազանի մեջ։ Ցայտող կաթիլներն այնքան պաղ էին, որ զովացնում էին այգում տիրող անտանելի շոգն ու տոթը։

Հետո իր ձեռքով տնկեց Երգող Ծառի ոստը։ Փոքրիկ ճյուղն իսկույն արմատ բռնեց, աճեց, մեծացավ և դառավ մի հսկայական ծառ։ Եվ սկսեց ծառը նվագել այնպիսի եղանակներ, որ չէին կարող հնչել ոչ զեփյուռը Պարսկաստանի այգիներում, ոչ հնդկական վիները, ոչ սիրիական տավիղը և ոչ եգիպտական ջութակը։ Ծառի հազարավոր բերաններից բխող այս երկնային հնչյունները լսելու համար, չորս կողմում տիրում էր խորին լռություն, մնջվում էին թռչունները, ջուրը կտրում էր իր խոխոջյունը, զեփյուռը ետ էր քաշում իր մետաքսե քնքուշ ծածկոցը, որ չդիպչի ոչ մի բանի։

Ֆարիզադան այլևս առիթ չուներ ոչ տխրելու, և ոչ ձանձրանալու։ Նա սկսեց շարունակել իր սովորական տնային պարապմունքը, միշտ նստած Խոսող Թռչունի մոտ, որ նրան զբաղեցնում էր շատ իմաստալից և հետաքրքրական պատմություններով։ Նրա թողած պակասը լրացնում էին Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը, իսկ եղբայրները ցերեկն իրանց որսորգութունով էին պարապած, գիշերները վերադառնում