Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Էին միայն հատ-հատ և ո՞վ կհամարձակվեր ինքն իրան քառասուն հարամ ու բերանը գցել։ Այս պատճառով ահա այդ քառասուն հարամիքը ահ ու սարսափ էին տարածել շրջակա գյուղերի և քաղաքների վրա։ Գազանների պես դուրս էին գալիս իրանց անմատչելի տնից ու հարձակվում էին քարվանների, հոտերի, նախիրների և քաղաքների ու գյուղերի վրա և թալանում, կողոպտում, հափշտակում ամենայն ինչ, մինչև անգամ շատ աղջիկ ու կնիկ, ու բերում լցնում իրանց բնակարանը։

Ահա այս բնակարանը գնաց Աներկյուղը։

Եթե Աներկյուղը ոչ մի երկյուղ չուներ հարամիներից, հարամիքը ավելի ևս երկյուղ չէին ունենալ նրանից ու պիտի ընդունեին իբրև մի անմեղ տղայի, որ դեռ չգիտե, թե աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

— Ո՞ր քամին է բերել քեզ մեզ մոտ,— հարցրեց նրան ավազակապետը,— ո՞ւր ես գնում և ինչո՞ւ համար ես եկել մեզ մոտ։

Աներկյուղը պատասխանեց.

— Ես ոչնչից չեմ վախենում և չգիտեմ ի՞նչ բան է երկյուղը լսեցի, որ դուք շատ երկյուղալի մարդիկ եք, եկել եմ, որ տեսնեմ թե ինչ կա ձեզանում, որ մարդիկ այնքան վախենում են ձեզանից։

Ավազակապետը ծիծաղեց տղայի պարզամտության վրա և ասաց.

— Մեզանից այն մարդիկն են վախենում, որոնք մի բան ունեն և գիտեն, որ այն բանը մենք պիտի խլենք նրանցից ու զրկենք նրանց իրանց ունեցածից, իրանց սիրած բանից։ Իսկ դու որովհետև ոչինչ չունես, և զուրկ ես նույնիսկ աստուծո տված խելքից, իհարկե որ չես վախենալ։

— Բայց ես ուզում եմ վախենալ. ինչպե՞ս անեմ, ուրեմն, և ո՞ւր գնամ, որ վախենամ, որ իմանամ, թե ինչ բան է վախը։

— Եթե այդքան ցանկանում ես, մեզ մոտ կաց և կըտեսնես։

— Շատ շնորհակալ կլինեմ,— ասաց Աներկյուղը և անձնատուր եղավ ավազակապետին։

Ավազակապնտը մի դաժան դեմքով մարդ էր։ Հաստ-հաստ