Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու խիտ մազերով հոնքերը կախ էին ընկած խոր ընկած կոպերի վրա, բայց տակից բորբոքված կրակի նման կայծեր էին արձակում նրա աչքերը։ Կուրծքը լայն էր, ինչպես մի սարի լանջ և բրդբրդոտ, ինչպես խոզի բաշ։ Վիզը այնպես հաստ էր, ինչպես մի մամռապատ կոճղ և այնպես ջլուտ, որ կարծես ցուլի վիզ լիներ։ Եթե Աներկյուղը վախկոտ լիներ, նրան տեսնելուն պես կսարսափեր, բայց ա վազա կա պետը նրան թվաց իբրև մի գոմեշ կամ ուղտ, որոնք չնայած իրանց արտաքին ահռելիությանը, սովոր մարդկանց վրա ոչ մի երկյուղ չեն ազդում, այլ իրանք են վախենում նրանցից։ Աներկյուղն այնպես էր նայում հսկայի վրա, ինչպես գոմեշ խրտընեցնել և վախեցնել ուզող մի երեխա։

—Այս տղան մեզ շատ պետք կգա,— ասաց ավազակապետը մյուսներին։— Մենք սրան կարող ենք լրտես շինել և ուղարկել զանազան տեղեր, ուր մեզ չի կարելի գնալ։ Բայց պետք է նախ և առաջ փորձել սրա աներկյուղությունը։

Աներկյուղին սիրով պահպանեցին մի քանի օր, նրան ձիապահի և խոհարարի պաշտոն տվին, և հետո նրա աներկյուղությունը փորձելու համար ավազակապետն ասաց նրան.

— Այս քանի օր է, փորս սաստիկ ցավում է, եթե մի լավ հալվա եփես ինձ համար, ես կուտեմ և կառողջանամ, միայն այդ հալվան պիտի եփես այս-ինչ գերեզմանատանը գիշեր ժամանակ և այն էլ նոր թաղած մեռելի կողքին։

Այս պատվերը տվավ ավազակը, իսկ ինքը վաղօրոք գնաց մտավ իր ասած գերեզմանումը թաք կացավ։

Երբ լավ մթնեց, Աներկյուղը նույն տեղը կրակ վառեց և սկսեց հալվան եփել։ Շերեփը ձեռին խառնում էր հալվան ու մի երգ մռմռում քթի տակին։ Բայց ահա տեսնում է, որ մի բան է խրթխրթում գերեզմանումը, մեկ էլ մեռելը ձեռքը հանում է գերեզմանիցը և մեկնում դեպի տղան, ողորմություն ուզելու պես։ Աներկյուղը շերեփը լցնում է հալվայով, փչելով հովացնում և ածում է մեռելի ափը։ Նա ներս է քաշում կուռը, տվածն ուտում է և էլի մեկնում ձեռքը։ Աներկյուղը մեկ էլ է լցնում շերեփը հալվայով, հովացնում և ածում մե- ռելի ափը։ Այսպես կրկնվում է երեք անգամ։ Բայց չորրորդ