Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգամ էլ որ մեկնում է, նա փոխանակ հալվայի, կրակոտ խարնձուղով խփում է ձեռքին և ասում.

—Քեզ պես անամոթ մեռել չեմ տեսել, բավական է ինչքան որ կերար, բոլորը որ քեզ ուտացնեմ, էլ իմ աղային ի՞նչ տանեմ, եթե որ այդպես ուտելու ախորժակ ունեիր, էլ որ էիր մեռնում. երևի բանից ես փախել և ընկել մեռելների կարգը։

Մեռելր մեկ էլ է պարզում ձեռքը։

— Ասացի, որ էլ չեմ տալ, խելք ունես, ձեռքդ ետ քաշիր, թե չէ՚ կրակով կայրեմ։

Մեռելը չուզեց ձեռքը ետ քաշել, Աներկյուղը պինդ բռնեց ձեոքիցը և խանձուղով այրեց։ Հսկան վեր թռավ տեղիցը և ընկավ Աներկյուղի վրա, բայց նա իր անվեհերությունը չկորցրեց, այլ ջուխտ ոտները ղրկեց և հսկային գետին գլորեց։ Նա վեր կացավ փախավ, որ Աներկյուղը նրան չճանաչի։ Աներկյուղը հալվան տարավ ավւսզակապետին տվավ և պատմեց մեռելի արարմունքը։

—Օ՜... այդպես բան չի լինիլ,— ասաց նա,— երևի վախեցել ես, և աչքիդ այդպես է երևացել։

— Կարելի է,— ասաց Աներկյուղը, չիմանալով, թե ինչ բան է աչքին երևալը.— ուրեմն եթե վախն այդ է, ես նրա գլխին լավ օյին դրի։

Ամազակապետը այս փորձից հետո Աներկյուղին շինեց իր լրտեսը և լրաբերը: Նրան ուղարկում էր ամեն տեսակ վտանգավոր տեղեր և նա դնում էր երբեմն ձիով ե երբեմն ոտքով և ամեն հանձնարարություն այնպես էր կատարում, որ ավազակներն իրանց նպատակին չհասնեն և հաջողություն ունենալու տեղ անհաջողության հանդիպեն։ Այս պաշտոնի մեջ նա բավական վարժվեցավ թուր և նիզակ բանացնելում, ձիով ու հետի արշավանք անելում և դարձավ ավազակների մեջ ամենից կտրիճը, բայց ավազակ չդառավ, այլ ավազակներ կոտորող։ Նա երբ որ հանդիպում էր մի քարվանի, նրանց զգուշացնում էր թե ինչ տեղ պիտի իջնեն և իմաց էր տալիս, թե այս ինչ ժամանակ պիտի հարձակվեն ավազակները, բայց չվախենան, ինքն օգնության կհասնի։ Եվ ճշմարիտ, երբ գնում էին հարձակմունք գործելու