Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դ

Ծերուհին դարձյալ ծովի ափ գնաց.
(Այս անգամ տեսավ ծովրը վըրդովված).
Ըսկսեց կանչել ոսկի ձըկնիկին.
Ձուկը լողալով մոտեցավ ծերին.
«Ի՞նչ ես կամենում, ծերո՛ւկ», հարցրեց
Ծերը գլուխ տվավ ու պատասխանեց.
Ողորմա՛ծ լինիս, Թագուհի-Ձկնիկ,
Հանգիստ չի տալիս ինձ իմ չար կնիկ,
էլ չի կամենում մնալ գեղջկուհի,
Ուզում է լինիլ մեծ իշխանուհի.
Չըգիտեմ գլուխն ի՞նչ քամի մտավ,
Որ գեղջկությունից հանկարծ ձանձրացավ»...
Ոսկի ձկնիկը ծերուհուն խղճաց.
«Գնա՛, Տեր ընդ քե՛զ, մի՛ տխրիլ, — ասաց.—
Թող քո պառավը հենց այսօրվանից
Ազատ համարվի իր գեղջկությունից»...

Ետ դարձավ ծերը, ի՜նչ է տեսնում.
(Կարծեց ցնորք է աչքին երևում).
Մի տուն հոյակապ, վերնասրահում
Պառավն է կանգնած ինչպես նոր խանում.
Հագին սամուրե բաճկոնակ սիրուն,
Գլխին դիպակե չարխաթ գույնզգույն.
Վիզը զարդարած մարգարիտներով,
Մատներին մատնիք անգին քարերով.
Մաշիկներն ինչպես կաս-կարմիր որդան,
Մյուս հագուստներն էլ մետաքս պատվական:
Ծառաներ ունի մի քանի տասնյակ,
Բոլորն էլ իրան հլու հպատակ։

Մարդին որ տեսավ՝ պառավը կատղեց,
Խեղճ ծառաներին ծեծել սկսեց.
(Կարծում էր խեղճը, որ իշխանուհին
Պետք է որ ծեծե իր ծառաներին).
Հայհոյանք թափեց ամենքի վըրա,
Տեղի֊անտեղի քոթկեց անխնա.