Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարագաներով բռնված էր սենյակի բոլոր քունջ ու պուճախը։ Աղքատիկ կահ-կարասիքը՝ մահճակալից սկսած մինչև դաղդահը՝ բոլորն էլ իր ձեռքովն էր շինել երիտասարդ տանտերը: Սպիտակ պատերի վրա կախված էին մի քանի նկարներ, մեծ կամոդի վրա կարգով դարսված էին սիրուն թասեր, թրաշած բաժակներ և ուրիշ մանր մունր բաներ, իբրև զարդիկներ։ Պատուհանի մոտ անկյունումը մի թարեքի վրա դարսված էին գրքեր և նոտաներ։ Փոքրիկ խոհանոցը իր աչքի ընկնող մաքրությունով թվում էր երեխային, երբ նա մեծացել էր հազվագյուտ բաների մի թանգարան։ Մի առանձին նկարչական ձևով էր դարսում մայրը խոհանոցի ամանեղենը պնակները, ափսեները, կաթսաները, պղնձի և հախճապակյա ամանները, ո՛րը կախած, և որը ցից դրած, բոլորն էլ ջոկ֊ջոկ: Խոհանոցի դուռն էլ, որ այդ զարդարանքների հետ ներդաշնակություն ունենա, մի դաշտանկար ուներ վրան նախշած։ Խոհանոցի ներսից մի սանդուղք կար դրած դեպի վերնատունը, ուր մի լուսամուտի առջև փայտե երկար արկղիկ կար դրված հողով լիքը։ նրանում Անդերսենի մայրը ցանում էր սոխ, գինձ և ուրիշ կանաչեղեն և ծաղիկներ էլ։ Նա այդ անկյունը հանաքով անվանում էր իր այգին։

Եվ ինչքան սիրում էին իրանց միակ որդուն ջահել ծնողքը։ Մայրը գգվելով երեխային՝ ասում էր շատ անգամ.

— Քրիստիան, մենք քեզ այնպես ենք մեծացնում, որ կարծես կոմսի որդի լինիս։ Այդպես բախտավոր չէի ես իմ երեխա ժամանակս. իմ ծնողքս ինձ ամեն առավոտ դուրս էին անում տանից, որ գնամ ողորմություն հավաքեմ։ Ես այն ժամանակ դեռ մի մատն աղջիկ էի։ Մեկ անգամ պատահեց, որ ոչ ոք ոչինչ չտվավ. ես էլ վախենալով, որ տանը կծեծեն ինձ, գնացի քաղաքային կամուրջի կամարների, տակը մտա. այնտեղ նստեցի և սկսեցի լաց լինել մինչև կեսգիշեր…

Այս տխուր պատմությունն այն աստիճան ազդել էր մանուկ Անդերսենի երևակայության վրա, որ նա՝ այդ լսելուց հետո՝ շատ անգամ երևակայում էր, թե ինչպես իր մայրիկը, մի փոքրիկ երեխա լինելով, քաղցած, ցրտումը դողդողալով, նստած է կամուրջի տակ. և այսպես երևակայելով՝ նա սերսում էր հեկեկալ և լաց լինել։