Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և անձրևի խոշոր կաթիլներն ուղղակի զարկվում էին երեսիս»։

Օդենզե քաղաքը այդ ժամանակներում նման չէր այժմյանին։ Այն ժամանակ սրբությամբ պահպանվում էին նախնյաց սովորությունները։ Բարիկենդաններին և ծնունդին դիմակահանդես էին սարքում և զանազան օյիններ, որոնցում ո՛րը միմոսի դեր էր կատարում, ո՛րը դրոշակակրի, ո՛րն ասպետների. եզներին էլ զարդարում էին զանազան ծաղիկներով ու փողոցե փողոց պտտում հանդիսավոր գնացքով, թմբկահարներով ու փողահարներով, որոնք մեծ խնդություն ու ցնծություն էին լինում մանուկների համար։

«Իմ հիշողությանս մեջ»,— գրում է Անդերսենը,— «զորեղ տպավորություն է թողել մեծ պոչավոր աստղի երևալը 1811 թվականին։ Մայրս հավատացնում էր, որ իբր թե պոչավոր աստղը պոչը պիտի խփե երկրին և մենք ամենքս պիտի փշրվինք նրա ուժեղ հարվածից։ Ես պարզ հիշում եմ, թե ինչպես մենք՝ ես և մայրս և նրա մի քանի գրացի ընկերուհիները խմբվել էինք սուրբ Կոնատի մոտ հրապարակի վրա և երեսներս երկինք գցած նայում էինք բոցավառված պոչ ունեցող հրեղեն աստղի վրա։ Կանայքը սաստիկ երկյուղից ախ էին քաշում և գուշակում էին, որ շուտով լինելու է վերջին գալուստը և ահեղ դատաստանը։ Հայրս մեր մոտովն անցնելիս՝ լսեց այս պառավական զրույցները, բարկացավ և սկսեց բացատրել պոչավոր աստղի երևալու բնական լինելը։ Մայրս այդ լսելով՝ հոգոց քաշեց, մյուս կանայքը կասկածանքով շարժեցին գլուխները, հայրս ծիծաղեց ու գնաց իր ճանապարհով։ Հորս համար ինքս սկսեցի վախենալ, ինձ թվում էր, թե նրա բացատրությունը հայտնի նշան էր նրա թերահավատության, որ նա գուցե աստծուն չի հավատում։ Երեկոյին, տատիկիս գոգումը նստած՝ սպասում է՝, թե ահա պոչավորը կզարկվի երկրին և վերջ կտա աշխարհքին»:

Տատիկն ամեն օր գնում էր որդու մոտ, որ մի քանի րոպե նայե իր թոռնիկի վրա։ Նա կենում էր իր խելացնոր մարդու հետ մի փոքրիկ տնակում խելագարների հիվանդանոցի մոտ։ Առաջվա մեծ կարողությունից ինչ որ մնացել էր. նրանով պառավը գնել էր այդ տնակը. նա կպած էր հիվանդանոցի պարտիզին, որ հանձնված էր նրա խնամքին։ Այդ