Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանձին տնակում մի փոքրիկ պարտեզով և մի արոտատեղով, որ բավականություն կտա մի կով պահելու համար։ Անդերսենենք՝ մարդ ու կին՝ այդ լուրն առնելով շատ ուրախացան, թե կարող է պատահել, որ իրանք արժանանան այդ տեղին։ Մարդը գնաց կալվածատեր տիկնոջ մոտ, նա մի կտոր մետաքսե պաստառ տվավ ու պատվիրեց, որ իր համար մի ջուխտ պարահանդեսի մաշիկներ կարե, միայն ներբանները իր ունեցած կաշվից դնե։ Մի ամբողջ շաբաթ Անդերսենենց տանը միայն այն մաշիկների մասին էին խոսում։ Փոքրիկ Քրիստիանը վաղօրոք ուրախացել էր, որ իրանք պարտեզ կունենան ծաղիկներով և թփերով, ուր ինքը կարող է նստել արևումը և ականջ դնել կկվի կանչելուն։

Օրենը մի քանի անգամ աղոթք էր անում աստծուն, որ կատարե իր այդ փափագը, որից բարձր բախտավորություն չէր կարող ներկայացնել իրան։

Վերջապես մաշիկները պատրաստ էին։

Հայրը, մայրը և Քրիստիանը տնտղում էին մաշիկները մի առանձին մեծարանքով, որովհետև այդ մաշիկներից էր կախված նրանց բախտավորությունը։ Հայրը թաշկինակում փաթաթեց իր բախտի առարկան և սրտատրոփ դիմեց դեպի պարուհու տունը։ Մայրն ու որդին հուսալով հաստատ, որ հայրը շուտով կվերադառնա հաղթություն և հաջողություն վաստակած, նստեցին պատուհանի մոտ և սկսեցին սպասել նրան անհամբեր։ Բայց ի՜նչ... խեղճը շուտով վերադարձավ, բայց նա սաստիկ դալկացած էր, վրդովված և մաղձոտված։ Նա զայրացած պատմեց, թե կալվածատեր տիկինը ոչ միայն չհագավ մաշիկները, որ տեսնե լավ են գալիս ոտքումը թե ոչ, այլև միայն աչքի տակովը նայեց և ուղղակի հայտնեց, թե մաշիկները վատ են կարված, թե՝ Անդերսենը փչացրել է նրա տված պաստառը, և նրան իր մոտ տեղ տալ կարող չէ։

— Այնպես զայրացրեց ինձ այդ տիկինը,— վերջումը ավևլացրեց մաշկակարը,— որ ես հանեցի դանակս, միջիցը կես արի մաշիկներր և ասացի. «Դուք ինձ ասում եք, որ ես փչացրել եմ ձեր տված պաստառի կտորը, թո՛ղ ուրեմն նրա հետ փչանան և իմ ներբանները»։

Այս հանգամանքն էր պատճառը, որ Անդերսենի հայրը