Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնազ անել, ջգրացնել, ամեն կողմից հրել իրար վրա գցել, այնպես որ հազիվ կարողացավ գլուխն ազատել կոպիտ ընկերների խմբից և թաքուն փախչիլ դեպի իրանց տուն։ Այս անցքից հետո նա այլևս չգնաց գործարան։

6

ՄՈՆԹ, ՈՒՍԱՆՈՂ ԵՎ ՄԱՏԵՆԱԳԻՐ

Անդերսենն արդեն քսան տարեկան էր, որ մտավ Սլագելզեի լատինական դպրոցը (Սլագելզեն մի փոքրիկ քաղաք էր Զելանդիայում): Այդ դպրոցը քաղաքի պարծանքն էր և քաղաքացոց խոսակցության գլխավոր առարկան։ Ամեն տարի հայտնի էր լինում, թե աշակերտներից ո՛րն է վարձատրվել հառաջադիմության համար, նրանց ամեն տեղ սիրով ընդունում էին, նրանց մուտքն ազատ էր թատրոնում վերջին գլխավոր կրկնության ժամանակ։

Անդերսենն այստեղ մի բնակարան վարձեց։ Բնակարանի տերը մի պառավ կին էր կրթված դասակարգից. նա էր տալիս ճաշն էլ և շատ լավ էր կերակրում։ Սենյակի պատուհանները նայում էին դեպի այգին ու անտառը, վայրենի խաղողի թփի ճղները վեր բարձրանալով՝ փաթաթվել էին լուսամուտի շրջանակներին և ծածկել նրանց աղոտ և այրված ապակիները։

Դպրոցում Անդերսենին ընդունեցին նախավերջին դասատանը և նստեցրին ամենափոքր մանուկների հետ մի նստարանի վրա, որովհետև նա ոչինչ չգիտեր ամենևին։

Դպրոցի տեսուչը սովորություն ուներ ծաղրել աշակերտներին, շատ բնական է, որ ամենից շատ Անդերսենը կենթարկվեր նրա ծաղրին, և հենց այս պատճառով էլ առաջին իսկ օրից շատ խեղճացավ, իրան ճնշված համարելով։

Օդենզեից դուրս գալու օրը Անդերսենը խոսք տվավ իրան, որ էլ ոտանավոր չգրե, մինչև չավարտե իր ուսումը, բայց երբ հասավ Սլագելզե, չկարողացավ իր խոսքին հաստատ