Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնալ։ Երգեցողության ուսուցիչը մեկից իմանալով, որ Անդերսենը ոտանավորներ է հյուսում, պատվիրեց, որ մի շնորհավորական երգ գրե վերատեսչի նոր պաշտոնի մեջ մտնելու առիթով, որ պիտի տոնվեր հանդիսավոր կերպով։ Անդերսենը հորինեց երգը, նույնը շարադրեցին և երգեցին տեղական եպիսկոպոսի ներկայությամբ։ Վերատեսուչն այս առիթով ոչ մի նկատողություն չարավ երգի հեղինակին, բայց այդ օրվանից սկսեց ավելի խստությամբ նայել նրա վրա։

Նույն ձմեռը Անդերսենի պապն ու տատը մեռան, կտակելով նրանց իրանց տնակը, որ հնության պատճառով քանդել տվին։ Պատանի ժառանգին հասավ քսան րեյխստայեր, որ մեր փողով անում էր մոտ քառասուն մանեթ։ Այս նրա համար մի մեծ հարստություն էր։ Կյանքն Անդերսենի համար շատ քաղցրացել էր այժմ։ Վրա հասավ ցանկալի ամառը։ Աշակերտներին արձակուրդ տվին։ Անդերսենը մեծ ուրախությունով վերադարձավ իր ծննդարանը՝ Օդենզե։ Երբ որ հեռվից երևաց իրենց եկեղեցու կաթողիկեն, Անդերսենն ուրախությունից գիրկը բաց արավ, և քիչ մնաց ճամփի մեջտեղը ծունկ չոքե։

«Մայրս,— գրում է Անդերսենը իր ինքնապատում կենսագրության մեջ,— էլ չէր իմանում ինչ աներ, երբ որ տեսավ իր սիրելի որդյակին։ Առաջին իսկ օրը հիշեցրեց ինձ, որ ես պետք է այցելություն անեմ իր բոլոր ծանոթներին ու բարեկամներին և քաղաքի պատվավոր անձինքներին։ Երբ որ ես անցնում էի փողոցովը, պատուհանները բաց էին անում և իմ հետևիցը նայում։ Շուտով տարածվեց ամեն տեղ, որ ես թագավորի որդեգիրն եմ, նրա սեփական փողովն եմ ուսում առնում: «Երևում է, որ Հանս Քրիստիանը, մաշկակար Մարիամի որդին, այնպես հիմար չէ, ինչպես կարծում էին շատերը»,— ասում էր մայրս ինձ փայփայելով։ Իսկ ես մեկ անգամ էլ, երբ հրավիրվեցա գնդապետ Հուլբերդի և տեղական եպիսկոպոսների ընտանիքների հետ նավակով զբոսնելով, և անցա մեր պարտեզի մոտովը, մայրս ուրախությունից լաց եղավ, ասելով դրացիներին, որ ինձ պատվում են ինչպես մի կոմսի որդուս»։

Արձակուրդի չբանալուց հետո, Անդերսենը վերադարձավ